AM
16 Հունվար 2026 - 12:08 AMT

Սիմոնյան․ Բոլորը գերիները պետք է վերադառնան, և դա ժամանակի հարց է

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վստահություն է հայտնել, որ Ադրբեջանում պահվող բոլոր հայ գերիները վերադառնալու են հայրենիք` դա ժամանակի հարց է: Նա այդ մասին ասել է ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում։

ԱԺ նախագահը հիշեցրել է, որ իշխանությունը միշտ ասել է, որ գերիների վերադարձի մասով տարվող գործընթացը չի երևում, բայց դա անընդհատ իրականացվում է: Նա օրեր առաջ Ադրբեջանից Հայաստան 4 գերիների վերադարձը համարել է այդ գործընթացի արդյունքը, հայտնում է Արմենպրեսը:

«Այնքան հաճախ, որքան հանդիպում ու խոսում ենք, մենք երևի թե որևիցե թեմայի մասին այդքան չենք խոսում: Խոսքը ոչ միայն գերիների մասին է, մենք մշտապես խոսում ենք նաև անհետ կորածների հետ կապված: Եվ այդ պրոցեսը ավարտվելու է այն ժամանակ, երբ որևիցե մեկի մոտ որևիցե հարց չի մնա, և մեր հայրենակիցներից որևիցե մեկն այնտեղ չի մնա: Մեզ համար որևիցե տարբերություն չկա, բոլորը պետք է վերադառնան, և դա ժամանակի հարց է, ես վստահ եմ»,-ասել է Սիմոնյանը։

Նա ընդգծել է՝ պետության դիրքորոշումը հստակ է՝ անկախ հանգամանքներից՝ բոլոր գերիները պետք է վերադառնան Հայաստան։

Ադրբեջանը հունվարի 14-ին Հայաստանին է վերադարձրել 4 գերիների։ Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը Հակարիի կամրջով Ադրբեջանի համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվել են Հայաստանի համապատասխան մարմինների ներկայացուցիչներին։