AM
16 Հունվար 2026 - 14:02 AMT

ՀՀ-ում առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպանը պարգևատրվել է Բարեկամության շքանշանով

ՀՀ-ում առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը պարգևատրվել է Բարեկամության շքանշանով՝ ՀՀ և ԱՄՆ միջև համագործակցության խորացման, ինչպես նաև հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:

Դեսպանն ամփոփել է Հայաստանում իր եռամյա պաշտոնավարման շրջանը՝ ընդգծելով հայ-ամերիկյան հարաբերություններում գրանցված առաջընթացը և նոր համագործակցության հեռանկարները, հայտնում է ԱՄՆ դեսպանատունը:

«Այս ժամանակահատվածում երկկողմ հարաբերություններում կարևոր ձեռքբերումներ գրանցվեցին՝ ռազմավարական գործընկերության հաստատում, տեխնոլոգիաների, էներգետիկայի ու արդյունաբերության ոլորտներում գործարար կապերի զարգացում, ինչպես նաև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովի ընթացքում ձեռք բերված համաձայնությունների, այդ թվում՝ TRIPP-ի իրականացում։

Դեսպան Քվինի ղեկավարության ներքո ԱՄՆ դեսպանությունը կյանքի է կոչել այնպիսի ծրագրեր ու գործընկերություններ, որոնք ի ցույց են դնում մեր երկու պետությունների ընդհանուր տեսլականը»,- ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հյուրընկալել է Քվինին՝ բարձր գնահատելով նրա ներդրումը հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման գործում։

«Ցանկանում եմ երախտագիտություն հայտնել Ձեր կատարած աշխատանքի համար: Դուք մեզ հետ եք եղել շատ դժվար ժամանակաշրջանում մեր պետության համար, կիսել եք դժվարությունները մեր հետ միասին և այս առումով ես անկեղծ շնորհակալություն եմ հայտնում: Իհարկե, արձանագրած արդյունքները ևս շատ տեսանելի են հատկապես վերջին երկու տարիների ընթացքում»,- ասել է նախագահը:

Նախագահը հատկապես կարևորել է ռազմավարական գործընկերության ձևավորումը, հիշեցնելով 2023-ի հունվարին ստորագրված փաստաթուղթը և դրան հաջորդած քայլերը։

«Դեռևս անցյալ տարի հունվարի 14-ին ստորագրված ռազմավարական գործընկերության կանոնադրությունը շատերի համար անհավանական էր թվում, և գործընթացները շատ ավելի արագ զարգացան, քան կարելի էր պատկերացնել, և մենք ունենք արդեն օգոստոսի 8-ի փաստաթուղթը, և հիմա նաև հունվարի 13-ի փաստաթուղթը»,- ասել է նախագահը՝ հավելելով, որ արդեն տեսանելի է Միացյալ Նահանգների աջակցությամբ տարածաշրջանում խաղաղության հասնելու ուղղությամբ ընտրված ուղին։

Խաչատուրյանը հույս է հայտնել, որ խաղաղությունը կլինի հարատև, իսկ Միացյալ Նահանգների ներկայությունն ու աջակցությունը կնպաստեն նաև Հայաստանի տնտեսական կյանքի առաջընթացին։

Դեսպան Քվինը շնորհակալություն է հայտնել համագործակցության և ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ արձանագրված առաջընթացը եղել է Հայաստանի ղեկավարության հետևողական աշխատանքի արդյունքը։

«Հայաստանը, կարծում եմ, այս պահին շատ լավ հնարավորություն ունի առաջ շարժվել բոլոր այն պայմանավորվածությունների ուղղությամբ, որոնք ձեռք են բերվել օգոստոսի 8-ին, և ամրապնդել ու կայուն հիմքերի վրա դնել իր ինքնիշխանության, տարածքային ամբողջականության հարցերը, և հուսանք նաև խաղաղ ապագան տարածաշրջանում»,– ասել է դեսպանը։

Ամփոփելով խոսքը՝ Քրիստինա Քվինը նշել է, որ իր դիվանագիտական առաքելությունն ավարտելով՝ շարունակելու է մնալ Հայաստանի բարեկամը։

Հանդիպման ավարտին Խաչատուրյանը Քվինին է հանձնել Բարեկամության շքանշանը: