AM
19 Հունվար 2026 - 07:42 AMT

Հունվարի 20-ից Հալեպի օդանավակայանը կրկին կգործի

Հալեպի օդանավակայանը հունվարի 20-ին կվերսկսի աշխատանքը։ Այդ մասին հայտնել է Սիրիայի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը:

«Օդային հաղորդակցությունը կվերականգնվի ըստ հաստատված չվացուցակի», – նշել են գերատեսչությունում, հայտնում է Sputnik Արմենիան:

Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ ավարտվել են բոլոր անհրաժեշտ տեխնիկական ստուգումներն ու անվտանգության գնահատման աշխատանքները։

Օդանավակայանը դադարեցրել էր աշխատանքը Հալեպի Շեյխ-Մաքսուդ և Աշրաֆիա շրջաններում Սիրիայի դեմոկրատական ուժերի քրդական ջոկատների դեմ կառավարական զորքերի գործողության պատճառով:

Կառավարական ուժերը՝ գործելով Սիրիայի անցումային կառավարության հրամանով, ռազմական գործողությունների արդյունքում կարողացել են վերահսկողություն հաստատել Հալեպի Շեյխ-Մաքսուդ և Աշրաֆիա շրջաններում։ Ըստ հաղորդումների՝ հակամարտող կողմերից երկուսում էլ կան զոհեր ու վիրավորներ, տուժել է նաև խաղաղ բնակչությունը։ Հարյուր հազարավոր բնակիչներ հարկադրված են եղել լքել իրենց տները, իսկ ողջ մնացած քրդական աշխարհազորայինները նահանջել են։