AM
19 Հունվար 2026 - 08:48 AMT

Փոստանջյան. Ղուկասյանի ախտորոշումները մտահոգիչ են, նրան բժիշկ չի այցելել

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը հայտնել է, որ իր պաշտպանյալի ախտորոշումները մտահոգիչ են, իսկ առողջական վիճակը՝ անհամատեղելի կալանքի հետ։

«Այս պահի դրությամբ նրան որևէ բժիշկ չի այցելել։ Ես եմ այցելել, նա շարունակում էր մնալ նույն վիճակում, գանգատները պահպանվում էին։ Ձախ կողմից՝ կրծքավանդակից դեպի աջ թևն էր ճառագայթում ցավը, շաքարի մակարդակը հասել էր 15-ի։

Բժշկական կենտրոնից մեկուսարան տեղափոխվելուց հետո պարոն Ղուկասյանին որևէ բժիշկ չի հետազոտել, ինչպես նաև չեն թույլատրել, որ իր անձնական բժիշկն այցելի նրան։ Հաղորդում եմ ներկայացրել, նաև այլ բողոքներ, սակայն դեռ պատասխան չեն տվել։ Այս պահին էլ գնում եմ՝ տեսնելու, թե ինչ է կատարվում»,-ասել է Փոստանջյանը, գրում է Aysor.am-ը:

Փաստաբանը նշել է, որ ԱԱԾ մեկուսարանում չկա ո՛չ բժիշկ, ո՛չ էլ համապատասխան սարքավորումներ։

«Այստեղ ո՛չ բուժկետ կա, ո՛չ էլ անհրաժեշտ սարքավորումներ։ Այդ ծանր հիվանդ մարդուն, ում հիվանդությունները համապատասխանում են կառավարության կողմից սահմանված ցանկին, թույլ չեն տալիս համապատասխան պայմաններում բուժում ստանալ։ Նա ունի երկու ծանր հիվանդություն՝ սրտի իշեմիկ հիվանդություն և ծանր ընթացքով շաքարային դիաբետ։ Այս պահին կարող ենք արձանագրել, որ նրան դիտավորյալ թողնում են վտանգի մեջ»,- ասել է Փոստանջյանը։

Տեղեկություններ էին տարածվել, թե Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է։ Հունվարի 8-ին նա տեղափոխվել էր հիվանդանոց հետազոտման նպատակով: Նշվել էր, որ կյանքին վտանգ չկա: Այնուհետև Ղուկասյանը կրկին տեղափոխվել էր մեկուսարան:

Փաստաբան Արամայիս Հայրապետյանը դեկտեմբերի 30-ին հայտնել էր, որ Վարդան Ղուկասյանի նկատմամբ քրեական հետապնդումը 2 հոդվածով դադարեցվում է։