AM
19 Հունվար 2026 - 10:35 AMT

Հակոբյան. Արցախի թեմի առաջնորդի փոփոխության հարցում առաջընթաց կա

Արցախի խորհրդարանի պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասել է, որ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի փոփոխության հարցում առաջընթաց կա՝ միաժամանակ ընդգծելով, որ դա այնքան էլ հեշտ չէ, քանի որ արցախցիները չեն ցանկանում, որ որոշումը որևէ քաղաքական ենթատեքստ ունենա, հայտնում է Aysor.am-ը:

Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի վարքագիծը վրդովմունք է առաջացրել արցախցիների շրջանում, քանի որ նա, մի քանի այլ բարձրաստիճան հոգևորականների, հանդիպել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ստորագրել Արշակ Սրբազանին Մայր Աթոռից հեռացնելու վերաբերյալ հայտարարության տակ։ Նա նաև մասնակցում է վարչապետի հռչակած եկեղեցու բարենորոգման խորհրդի աշխատանքին:

«Այո՛, դա իրականում մեր ժողովրդի ցանկությունն է, որովհետև հանրությունն էլ մշտապես նման պահանջ է դնում՝ հետաքրքրվելով, թե ինչպես է լուծվելու այդ հարցը կամ արդյո՞ք որևէ ընթացք ստացել է։ Մենք ցանկություն ունենք, որ Մայր Աթոռը զրկի Վրթանես Սրբազանին առաջնորդությունից, սակայն կարգավորումները պետք է լինեն այնպիսին, որպեսզի չհակասեն Մայր Աթոռի կանոններին։ Արցախի թեմական խորհուրդն արդեն առաջարկներ ունի այդ կարգավորումների վերաբերյալ, մենք էլ հստակ առաջարկներով նամակ ենք պատրաստել՝ ներկայացնելով, թե ինչպես ենք պատկերացնում այդ գործընթացը, որը բնավ քաղաքական ենթատեքստ չունի։

Բնական է, որ պետք է տեղապահ նշանակվի՝ պայմանավորված այն հանգամանքով, որ մենք Արցախից կուսակրոն այլ թեկնածու չունենք։ Այդ պատճառով այժմ քննարկումներ են ընթանում, թե ինչպես պետք է նշանակվի տեղապահը կամ ով պետք է նշանակվի, որպեսզի, Աստված մի արասցե, կրկին նման իրավիճակում չհայտնվենք»,- ասել է Հակոբյանը։

Վրթանես Սրբազանի գործունեության դեմ են հանդես եկել ոչ միայն արցախյան հասարակական կազմակերպությունները, այլև Արցախի գրեթե բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները։