AM
19 Հունվար 2026 - 12:08 AMT

Զոհրաբյանը Սամսոնյանի հարցով դիմել է ԵԽ կառույցներին

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ՄԻՊ-ի գրասենյակի դիմաց «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Նարեկ Սամսոնյանի հացադուլի և առողջական խնդիրներին առնչվող բողոքի ակցիայի ժամանակ հայտնել է, որ դիմել է ԵՄ խորհրդի մոնիթորինգի հանձնաժողովին և ԵԽԽՎ-ում ՀՀ հարցով համազեկուցողին։

«Նախկինում, եթե նման բան լիներ, Սվիտալսկին այստեղ պառկած կլիներ։ Դիմել եմ նաև ԵԽ բոլոր քաղաքական հանձնաժողովներին։ Տեսնում են, արձանագրում են, և շնորհակալություն, թեև փակ հանդիպումներում ասում են, որ տեսնում են, թե ինչ է կատարվում, բայց չեն կարող խոսել, որովհետև աշխարհաքաղաքական խնդիրներ կան»,–ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:

Նաիրա Զոհրաբյանը հիշեցրել է նախորդ տարիների ողբերգական դեպքերը։

«Հիշեցնեմ, որ 2019 թվականի հունվարյան հենց այս օրերին, 44-օրյա հացադուլից հետո հյուծվելուց և անդառնալի առողջական խնդիրներ ձեռք բերելու հետևանքով մահացավ խմբագիր Մհեր Եղիազարյանը»,- ասել է նա։

Նա նաև վկայակոչել է մեկ այլ դեպք՝ ընդգծելով, որ առողջական խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ անտեսումը շարունակական է։

«11-րդ օրն է, ինչ Նարեկ Սամսոնյանը գտնվում է հացադուլի մեջ, և ՄԻՊ տիկինը՝ ո՛չ անձամբ, ո՛չ էլ արագ արձագանքման որևէ խումբ, չի գործուղել ՔԿՀ և բացարձակապես որևէ տեղեկատվություն չունի Նարեկի առողջական վիճակի մասին»,- հայտարարել է Զոհրաբյանը։

Նա տեղեկացրել է, որ նախորդ օրը Նարեկ Սամսոնյանը սրտի հետ կապված խնդիրներով հոսպիտալացվել է Էջմիածնի բժշկական կենտրոն։

«Այն, որ այս պայմաններում եվրոպական կառույցները, որոնց ժամանակին Նիկոլը անվանում էր «եվրոյոնջաներ», լռելու են և շարունակելու են լռել, ինձ համար հասկանալի է, որովհետև նրանք ունեն հստակ կանոն։ Նիկոլ Փաշինյանն իրենց համար իդեալական գործիք է, որով նրանք իրենց քաղաքական շահերն են առաջ մղում մեր տարածաշրջանում՝ ՌԴ-ի դեմ»,-ասել է նա՝ հավելելով, որ «Նարեկի վիճակն ամեն րոպե կարող է ծայրահեղ, անդառնալի դառնա»:

Արդեն 11 օր հաղացդուլի մեջ գտնվող «Իմնեմնիմի» փոդքասթի հաղորդավար Նարեկ Սամսոնյանի աջակիցները բողոքի ակցիա են անցկացրել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի առջև: Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակի հետ կապված մտահոգությունները բարձրաձայնելու նպատակով ակցիայի մասնակիցները սնունդ էին բերել և շարել գրասենյակի աստիճաններին:

Դատավորը հունվարի 9-ին նիստին բավարարել է դատախազի՝ հաղորդավարներ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի կալանքը ևս երեք ամսով երկարացնելու միջնորդությունը, ինչից հետո Սամսոնյանը հայտարարեց անժամկետ հացադուլի մասին: