AM
19 Հունվար 2026 - 14:55 AMT

Աբովյանին կվերադարձվի 1700 քմ մակերեսով հողամաս

Կոտայքի մարզի դատախազության նախաձեռնությամբ հարուցված քաղաքացիական գործով 2026 թվականի հունվարի 16-ին Հակակոռուպցիոն դատարանը վճիռ է կայացրել՝ բավարարելով համայնքային շահերի պաշտպանության նպատակով ներկայացված հայցը։

Վճռով անվավեր է ճանաչվել 2008 թվականի օգոստոսի 16-ին անցկացված կրկնաճուրդը, որի արդյունքում 1700 քմ մակերեսով հողամասը օտարվել էր մասնավոր անձի։ Արդյունքում, դատարանը ոչ իրավաչափ է համարել նաև նույն տարվա օգոստոսի 27-ին կնքված անշարժ գույքի վաճառքի պայմանագիրը՝ Աբովյան համայնքի և ֆիզիկական անձի միջև, ինչպես նաև կատարված պետական գրանցումները։

Համաձայն Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի, վերոնշյալ հողամասը դասակարգվում է որպես օտարման չթույլատրելի հող, հետևաբար, որոշման օրինական ուժի մեջ մտնելուց հետո այն կվերադարձվի Կոտայքի մարզի Աբովյան համայնքի տնօրինության տակ։