AM
21 Հունվար 2026 - 09:20 AMT

Մարուքյանը՝ «Զայեդ» մրցանակի մասին․ Որտեղ կա Շառլ Միշելը, այնտեղ կա նաև Ադրբեջանի ձեռքը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԱԺ նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանը տելեգրամյան իր ալիքում գրել է, որ «Զայեդ» մրցանակի շնորհումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հայկական համացանցում բուռն արձագանք է առաջացրել՝ ընդգծելով, որ մրցանակը նրան հանձնվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման համար։

Նա նշել է, որ ժողովուրդը չպետք է խաբվի այս մրցանակի շուրջ կառուցված քարոզչությամբ, հակառակը՝ անհրաժեշտ է հստակ գիտակցել, որ որտեղ կա Շառլ Միշելը, որը Հայաստան ժամանած մրցանակի հանձնաժողովի անդամներից էր, կա նաև Ադրբեջանի ձեռքը:

Նա նշել է, որ հայ ժողովրդին քաջ հայտնի Շառլ Միշելի հանձնառությամբ Լեռնային Ղարաբաղում պետք է ապրեին ըստ իր ձևակերպման «էթնիկ» հայերը՝ միջազգային մեխանիզմներով ապահովված անվտանգության և իրավունքների ներքո։

«Եթե Շարլ Միշելի տեսլականը էթնիկ զտված և հայաթափված Արցախն էր, ապա անհրաժեշտ էր հենց սկզբից դրա մասին անկեղծ հայտարարել ու դրա դիմաց մրցանակ առաջարկել։

Իմ հիշողություններում Շառլ Միշելը տպավորվել է հատկապես նրանով, որ 2023 թվականի օգոստոսի 31-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպումից ընդամենը 12 օր անց Հայաստանը ենթարկվեց ադրբեջանական մասշտաբային հարձակման․ ՀՀ ինքնիշխան տարածքները օկուպացվեցին և մնում են այդպես մինչև այսօր, հայ կին զինծառայողը անդամահատվեց, հայ անզեն ռազմագերիները գնդակահարվեցին դիրքում, և չեղավ ոչ մի միջազգային հայց, ոչ մի հետաքննություն, ոչ մի դատապարտում՝ զրո հետևանք։

Մեր ժողովուրդը չպետք է խաբվի այս մրցանակի շուրջ կառուցված քարոզչությամբ։ Ընդհակառակը՝ անհրաժեշտ է հստակ գիտակցել, որ որտեղ կա Շառլ Միշելը, այնտեղ կա նաև Ադրբեջանի ձեռքը, քանի որ նա չի ներկայացնում արդարությունը, մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը և ԵՄ-ի կողմից ներկայացվող արժեքները։ Միշելը Ալիևի հերթական թշվառ լոբիստն է, և այս մրցանակը նա բերել է Փաշինյանին՝ ի աջակցություն առաջիկա Աժ ընտրություններին, որպեսզի մեր ժողովուրդը խաբվի և վերընտրի մրցանակակրին»,-ասվում է գրառման մեջ:

Հունվարի 20-ին Նիկոլ Փաշինյանը Երևանում ընդունել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղար Մուհամմադ Աբդելսալամին, ինչպես նաև հանձնաժողովի անդամներ՝ Եվրոպական խորհրդի նախկին ղեկավար և Բելգիայի նախկին վարչապետ Շառլ Միշելին ու Աֆրիկյան միության հանձնաժողովի նախկին նախագահ և Չադի նախկին վարչապետ Մուսա Ֆակի Մահամաթին։