Թեոդոսիայի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զարեհ քահանա Աշուրյանը, ով ժամանակին հոգևոր ծառայություն է իրականացրել Մասյացոտնի թեմում, ֆեյսբուքյան իր էջում հարց է բարձրացրել, թե ուր են իրավապաշտպան կազմակերպությունները, երբ «հոգևորականները ֆիզիկական հաշվեհարդարների սպառնալիքի տակ անգամ վախենում են ընտանիքի անդամներին տանը միայնակ թողնել»:
Նա նշել է, որ աշխարհը կուրացած է, նրա աչքերը փակ են մեր խնդիրների համար:
«Ինչո՞ւ չեն արձագանքում մեր պետությունում հավատարմագրված ներկայացուցչությունները, երբ այսքան ատելության խոսք է գեներացվում եկեղեցականների դեմ, ովքեր չեն միաբանում իշխանականներին՝ ընդդեմ Սուրբ Եկեղեցին, երբ մեր հոգևորականները ֆիզիկական հաշվեհարդարների սպառնալիքի տակ անգամ վախենում են ընտանիքի անդամներին տանը միայնակ թողնել։
Վտանգված է ժողովրդավարությունը, անձնական կյանքի անձեռնմխելիությունը։ Աշխարհը կուրացած է, նրանց աչքերը փակ են մեր խնդիրների համար, նրանք չեն տեսնում մեր հոգևորականների և հավատացյալների տառապանքը»,- նշել է Տեր Հայրը։
Մասյացոտնի թեմը հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ թեմի մի շարք քահանաների հետ կապ են հաստատել տարբեր անձինք, այդ թվում՝ համայնքապետարանների աշխատակիցներ, ինչպես նաև քահանաների շրջապատին մոտ և ազդեցիկ համարվող անհատներ։
«Վերջիններս փորձել են տարբեր եղանակներով՝ բարեկամական հորդորների, ծառայողական առավել բարվոք պայմաններ ապահովելու առաջարկների, ինչպես նաև սպառնալիքների կամ ճնշման միջոցով, ուղղորդել քահանաներին՝ միանալու թեմի նախկին առաջնորդին և ընդունելու նրա առաջնորդական իշխանությունը»,-ասվում է հայտարարության մեջ:





