AM
21 Հունվար 2026 - 13:10 AMT

Դատախազությունը պահանջում է մոտ 20 մլն դրամ գանձել Հայրիկյանի գործով դատապարտված էպոսագետից և մյուսներից

Դատախազությունը քաղաքական գործիչ Պարույր Հայրիկյանի սպանության փորձի գործով դատապարտված էպոսագետ Վարդան Սեդրակյանից, Սամվել Հարությունյանից և Խաչատուր Պողոսյանից համապարտության կարգով 20 մլն 500 հազ. դրամ գումար է պահանջում՝ որպես Հայրիկյանի բուժման ծախս, հայտնում է Factor.am-ը:

Գումարը, ըստ դատախազության, Հայաստանի կառավարությունն է հատկացրել 2013 թվականի մարտին՝ նախագահական ընտրությունների թեկնածու Պարույր Հայրիկյանի բուժումը արտերկրում կազմակերպելու նպատակով։

Սեդրակյանի դեմ հայցադիմում ներկայացնելու առիթը եղել է հենց Սեդրակյանի կողմից դատարան ներկայացված մի միջնորդություն, որով պահանջել է Հայրիկյանի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում իր գույքի վրա դրված կալանքը վերացնել։

Մասնավորապես, Վարդան Սեդրակյանը 2013 թվականին առաջադրվելով որպես նախագահի թեկնածու՝ իր մտերիմներ Սամվել Հարությունյանին և Խաչատուր Պողոսյանին հանձնարարել է կազմակերպել մրցակից թեկնածու Պարույր Հայրիկյանի սպանությունը։

Քրեական գործի շրջանակում Պարույր Հայրիկյանը ներկայացրել էր քաղաքացիական հայց՝ պահանջելով վնասի փոխհատուցում, սակայն դատարանը հայցը թողել էր առանց քննության՝ պատճառաբանելով, որ պահանջը ներառում էր ապագա ծախսերի փոխհատուցում, ինչը քրեական վարույթում հնարավոր չէ դիտարկել։

Նույն հարցով քաղաքացիական կարգով ներկայացված հայցը մասնակի բավարվել էր 2015 թվականին՝ ճանաչելով 41 միլիոն դրամ փոխհատուցման իրավունք։ Սակայն այդ վճիռը վերաքննիչ կարգով բեկանվել էր և գործը ուղարկվել նոր քննության, որի արդյունքում՝ 2017 թվականի հունիսին, դատարանը մերժել էր Հայրիկյանի պահանջը՝ ապացույցների բացակայության հիմքով։

Այնուհանդերձ, դատախազությունը փաստում է, որ կառավարության կողմից հատկացված գումարով պետությունն արդեն ծախս էր իրականացրել՝ փոխարենը չստանալով որևէ փոխհատուցում։ Այս հիմքով էլ 2025 թվականի դեկտեմբերի 25-ին ներկայացվել է նոր դատական հայց՝ պահանջելով նշված գումարը բռնագանձել մեղադրյալներից համապարտության սկզբունքով։

Հայցը գտնվում է Հակակոռուպցիոն դատարանում և մակագրվել է դատավոր Նարինե Ավագյանին։