Արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի և դատավորների համար սահմանել նոր՝ աշխատանքային ստաժի վրա հիմնված հավելավճարներ։
2026 թվականին պետբյուջեից այս փոփոխության համար նախատեսվել է հատկացնել 46 մլն 775 հազար դրամ։ Այդ միջոցները բաշխվելու են հետևյալ կերպ՝ Սահմանադրական դատարանի նախագահը կստանա 7 մլն 787 հազար 520 դրամ, փոխնախագահը՝ 5 մլն 790 հազար 720 դրամ, իսկ մնացած 33 մլն 196 հազար 800 դրամը կփոխանցվի 7 դատավորների միջև, հայտնում է Factor.am-ը:
Ըստ նախագծի հիմնավորման՝ նախաձեռնությունը միտված է ՍԴ անդամների սոցիալական և նյութական անկախության երաշխիքների ամրապնդմանը՝ նկատի ունենալով նրանց սահմանադրական նշանակալի դիրքն ու կարևոր լիազորությունները։
Նախագծով նախատեսվել է, որ պաշտոնավարման երկրորդ տարում հավելավճարը կկազմի հիմնական աշխատավարձի 20 տոկոսը, երրորդ տարում՝ 35 տոկոսը, իսկ չորրորդ տարվանից սկսած՝ ամեն տարի ավելանալու է 10 տոկոսով՝ նախորդ տարվա ցուցանիշի համեմատ։ Համակարգը գործելու է առավելագույնը 11 տարվա համար։
ՀՀ կառավարությունը 3.5 մլրդ դրամ էլ նախորդ տարվա դեկտեմբերին էր հատկացրել պետական ծառայողների և քաղաքական պաշտոնյաների պարգևավճարներին։ Նախարարները միջինում ստացել էին մինչև 7 մլն դրամ պարգևավճար:





