AM
22 Հունվար 2026 - 07:31 AMT

Մանուկյանը` Փաշինյանին․ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը դարձրել եք բռնության գործիք, օպերլիազորը ի՞նչ գործ ունի քահանայի հետ

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն Ազգային ժողովի նիստում հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի լրագրողական անցյալին, «Հայկական ժամանակ» թերթին, ինչպես նաև Հայ Առաքելական եկեղեցու շուրջ վերջին զարգացումներին։

«ԱԱԾ-ն ու ոստիկանությունը դարձրել եք բռնության գործիք։ Օպերլիազորը ի՞նչ գործ ունի քահանայի հետ։ Եթե խնդիր կա՝ քրեական գործ հարուցեք, ոչ թե կեղծ տեղեկություններով ԱԱԾ-ին ծաղրի առարկա դարձնեք»,- ընդգծել է պատգամավորը, հայտնում է «Փաստինֆոն»:

Ի պատասխան՝ վարչապետ Փաշինյանը հավաստիացրել է, որ ԱԱԾ օպերլիազորը լիազորված է հակահետախուզական կանխարգելիչ գործողություններ իրականացնել, այդ թվում՝ նաև հոգևորականների հետ։

Պատգամավորը հայտարարել է, որ Միքայել Մինասյանի վերաբերյալ քննադատական հրապարակումներ չտպագրելու դիմաց «Հայ Փոստ»-ը համաձայնագիր է կնքել «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ՝ չվերադարձվող վաճառքի պայմաններով։

«Բայց մի բան ասեմ․ լավ է անում Նիկոլ Փաշինյանը։ Բոլոր այն նախկին պաշտոնյաները, որոնք ժամանակին իրենց դեմ չգրելու համար խելոք-խելոք համաձայնվել են նրա հետ և այսօր տարբեր պատճառներով ձայն չեն հանում, դրա համար էլ այսօր Փաշինյանը կարողանում է ինչ-որ ծրարներից խոսել»,- նշել է պատգամավորը։

Հղում կատարելով 1920 թվականի մի հոդվածի, որտեղ նկարագրվում էր՝ ինչպես բոլշևիկները փորձել են աղանդավորական շարժում ձևավորել եկեղեցու «մաքրման» և «զտման» անվան տակ, Մանուկյանը դիմել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին:

«Տիկին Արփինե Սարգսյան ջան, իրար հետ լավ աշխատանքային հարաբերություններ ունեինք։ Հարց եմ ուղարկել ՆԳՆ՝ հետաքրքրվել եմ՝ քրեական ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան, օրինակ Արթուր Զաքարյանը, ի՞նչ գործ ուներ եպիսկոպոսներին ուղեկցելու ժամանակ։ Սա քրեական գործ էր։ Կարող եք շատ գեղեցիկ խոսել, բայց ամբողջ երկրով մեկ տգեղ գործընթացներ եք իրականացնում»,-ասել է նա:

Նա պնդել է, որ ազգային անվտանգության ծառայությունն ու ոստիկանությունը ներգրավված են եկեղեցու դեմ գործողություններում։

Մանուկյանը նշել է, որ Մասյացոտնի թեմում ծառայող մի հոգևորական ստիպված է եղել հրապարակել հայտարարություն, ապա՝ ասել, որ այն արել է արտաքին ճնշումների ազդեցությամբ։ «Ինչքան էլ սիրուն խոսեք, վաղը այդ ամեն ինչը պարզվելու է»,- ընդգծել է պատգամավորը։

Երբ Մանուկյանը փորձել է շարունակել խոսքը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը անջատել է նրա խոսափողը։ Նրա խոսքերին արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ թերթի վաճառքից մի շարք կազմակերպություններ մեծ շահույթ են ստացել։ Նա բարձր է գնահատել «Հայկական ժամանակի» դերը՝ նշելով, որ այն պահանջված պարբերական է եղել։

«Եթե Հայ փոստի հետևում Միշիկն է եղել, դա չի նշանակում, որ իրենք են ինձ փող տվել, այլ ես եմ իրենց հնարավորություն տվել վաճառելու պահանջված ապրանք»,- ասել է նա։

Փաշինյանը հավելել է, որ Հայաստանը պատրաստվում է պաշտպանվել «ազդեցության գործակալներից»՝ անկախ նրանից՝ նրանք քաղաքական գործիչներ են, թե հոգևորական տեսքով հանդես եկող անձինք։ Նա հիշեցրել է, որ պետությունը կատարում է իր գործառույթը, և 2018 թվականի «թավիշը» 2021-ին վերածվել է «պողպատե մանդատի», որն իր խոսքով՝ կիրառվում է հնարավորինս «փափուկ» ձևով։

Ի պատասխան՝ Գեղամ Մանուկյանը կրկին շեշտել է, որ կատարվողը հիշեցնում է բոլշևիկյան ժամանակաշրջանի աղանդավորական քաղաքականությունը։ Նա հիշեցրել է այն 12 կետերից մեկը, որով եկեղեցին ենթարկվելու էր զտման՝ որպես պետության կամ կուսակցության գործիք օգտագործվելու վտանգով։