AM
22 Հունվար 2026 - 09:10 AMT

Օսկանյան․ ՀՀ տարածքն այլ երկրի վերահկողության հանձնելը համեմատելի չէ ձեռնարկության սեփականություն տրամադրելու հետ

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այն հակադարձմանը, թե Օսկանյանի օրոք «Գույք՝ պարտքի դիմաց» 5 ձեռնարկություն ոչ թե 74 տոկոսով, 100 տոկոսով տվել ենք այլ պետության»:

Նա կարծում է, որ ՀՀ տարածքն «այլ երկրի վերահկողության հանձնելը համեմատելի չէ ձեռնարկության սեփականություն տրամադրելու հետ»:

«Ինձ զարմացրեց, որ հնարավոր է համեմատություն անցկացնել Հայաստանի ամբողջ լայնքով՝ արևմտյան սահմանից մինչև արևելյան սահման, 50 տարով երրորդ երկրի լիակատար վերահսկողության տակ տարածք հանձնելու և երրորդ կողմին որևէ պետական կամ ոչ պետական ձեռնարկության կոնցեսիա՝ նունիսկ սեփականություն տրամադրելու միջև։ Սրանք համեմատելի բաներ չեն»,- գրել է Օսկանյանը։

Նրա խոսքով՝ տարածքի այդ հատվածի լայնքը՝ թեկուզ 40 կիլոմետր, չի նվազեցնում խնդրի լրջությունը, քանի որ ինքնիշխանության չափումը չի կարող լինել կիլոմետրերով:

«Ոմանք կարող են մտածել, թե քանի որ այդ հատվածում Հայաստանի լայնքը ընդամենը մոտ 40 կիլոմետր է, ապա դրա զիջումը լուրջ խնդիր չէ։ Բայց այդ տրամաբանությունը խորապես սխալ է։ Ինքնիշխանությունը կիլոմետրերով չի չափվում։

Թույլ տվեք ավելի պատկերավոր ասել, թե ինչ է տեղի ունեցել։ Երևակայեք, որ Ֆրանսիան իր տարածքի շարունակական մի շերտ՝ ամբողջ երկրի լայնքով, Ատլանտյան օվկիանոսի ափից մինչև Գերմանիայի սահման, 50 տարով դնում է երրորդ երկրի լիակատար վերահսկողության տակ։ Կամ պատկերացրեք, որ Միացյալ Նահանգներն անում է նույնը՝ ափից ափ, Խաղաղ օվկիանոսից մինչև Ատլանտյան:

Ակնհայտ է բոլորիս համար, որ այս ամբողջ գործընթացը նպատակ ունի ապահովել Ադրբեջանի անխափան և առանց խոչընդոտների կապը Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան։ Այդ պարտավորությունը Հայաստանի կողմից արդեն ամրագրված է նախապես համաձայնեցված և ստորագրված փաստաթղթերում։

Կարծում եմ՝ «ողորմելի» բառի օգտագործումը չափազանց մեղմ է»,-գրել է նա:

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով TRIPP-ի վերաբերյալ ՔՊ խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանի հարցին, անդրադարձել է ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի քննադատությանը TRIPP-ի 74 տոկոսն ԱՄՆ-ին տրամադրելու վերաբերյալ:

«Նախկին արտգործնախարարներից մեկն ասում է՝ դե ողորմելի է, 74 տոկոսը տվել են, 26 տոկոսն են իրենց պահել: Հիմա այդ մարդը, որն ասել է, որ ողորմելի է այդ վիճակը, որով մենք 74 տոկոս տվել ենք ուրիշին. ուշադրություն, իր՝ ԱԳ նախարար լինելու շրջանում «Գույք՝ պարտքի դիմաց» 5 ձեռնարկություն ոչ թե 74 տոկոսով, 100 տոկոսով տվել ենք այլ պետության»,-ասել է նա: