AM
22 Հունվար 2026 - 12:38 AMT

Սամսոնյանը դադարեցրել է հացադուլը և տեղափոխվել ԲԿ

14 օր շարունակ հացադուլի մեջ գտնվող «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Նարեկ Սամսոնյանը դադարեցրել է հացադուլը։Նա ՔԿՀ-ից տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։ Այդ մասին ֆեյսբուքյան եթերում հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

Սամսոնյանը որոշումն ընդունել է բժշկի հետ խոսելուց հետո, որը ներկայացրել է իր հիվանդության, նաև հացադուլի՝ իր հիվանդության վրա ազդեցության բոլոր հետևանքները:

«Բժշկը ցուցել է անհապաղ հոսպիտալացում։ Այս ամենը հաշվի առնելով՝ Նարեկը որոշում կայացրեց դադարեցնել հացադուլը։ Կարծում եմ, ճիշտ որոշում էր, քանի որ իր վիճակն անհանգստացնում է բոլորիս»,- ասել է Մելիքյանը։

Հունվարի 9-ին դատարանը երեք ամսով երկարաձգել էր Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանքը։ Դատարանի որոշումից հետո Սամսոնյանը հայտարարել էր անժամկետ հացադուլ: