Հայաստանը 1 միլիարդ դոլար չի վճարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստեղծած «Խաղաղության խորհրդին» անդամակցության համար։ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը ներկայացրել է ՀՀ-ի անդամակցության կարգը «Խաղաղության խորհրդին», հայտնում է Factor.am-ը:
«Խաղաղության խորհրդի կանոնադրությունը նախատեսում է Խորհրդին անդամակցություն՝ ֆինանսական հատկացումների կամավոր սկզբունքով։ ԱՄՆ նախագահ Թրամփի կողմից հրավեր ստացած երկիրը կարող է անդամակցել խորհրդին՝ առանց հստակ սահմանված անդամավճարի՝ մինչև երեք տարի ժամկետով, ինչը սահմանված կարգով ենթակա է վերանայման այդ ժամկետը լրանալուց հետո։ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Խաղաղության խորհրդին անդամակցությանն այս հիմունքներով։ Ձեր կողմից վկայակոչվող անդամավճարը կամավոր է և վերաբերելի է կազմակերպությանը՝ դրա կանոնադրության ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում որևէ երկրի կողմից մշտական անդամակցության ցանկություն հայտնելու պարագայում»,- ասել է Բադալյանը։
Հունվարի 22-ին Դավոսում 19 երկրի ներկայացուցիչներ ստորագրել են «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը, որին միացել են նաև Հայաստանը և Ադրբեջանը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում Խաղաղության խորհրդի հռչակագրի ստորագրման հանդիսավոր արարողության ժամանակ իր ելույթում հայտարարել է, որ ՀՀ և Ադրբեջանի ղեկավարներն իր ընկերներն են դարձել:





