ՀՀ Պաշտպանության նախարարության Արմավիրի զինվորական կոմիսարիատի ստորաբաժանումներից մեկի ղեկավարն ու ևս երեք անձ հանրային քրեական հետապնդման են ենթարկվել, պաշտոնյան կալանավորվել է։ Այդ մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեց, տեղեկացնում է Sputnik Արմենիան:
«Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ ՊՆ Արմավիրի զինվորական կոմիսարիատի ստորաբաժանումներից մեկի պետի ու ևս 3 անձի նկատմամբ։ ՊՆ պաշտոնյան մեղադրվում է վարժական հավաքների ենթակա անձանց նշված հավաքներից ապօրինի ազատելու գործընթացը կազմակերպելու դիմաց խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ»,- հայտնել են կոմիտեից:
Դատարան ներկայացված միջնորդությունը, որով պահանջվել է ՊՆ պաշտոնատար անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը, բավարարվել է։





