Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում մեղադրանքի ապացույցների ծավալը լսելուց հետո «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ասել է, որ ծայրից ծայր փնթի գործ է:
Նա նշեց՝ հանրային մեղադրողներ Հայկ Հովհաննիսյանի և Վահան Հարությունյանի ամեն խոսքին կարող է իրավական ճշգրիտ հակադարձում տալ, սակայն ինքն այդ տիրույթ չի մտնելու, գրում է Sputnik Արմենիան:
«Սա իր ամբողջության մեջ փնթի գործ է։ Ես անեի՝ ավելի լավ ու ճիշտ կանեի։ Յոթ ամսվա գործն ավելի ճիշտ և ուղիղ կտանեի՝ իմանալով, թե ում ինչ պետք է պատասխանել։ Եթե նպատակ դրած լինեի այս մարդկանց պատժելու, ապա պատիժն էլ կտայի»,– ասել է նա։
Սրբազանի պնդմամբ՝ 35 հատորից կազմված գործում որևէ ապացուցողական բազա գոյություն չունի։
«Այս գործը չունի փորձաքննություն, ձեռագրաբանություն և ոչ մի բան։ Հետևաբար ինչ էլ ներկայացնեն այստեղ, պատվարժան դատարան, մի՛ ակնկալեք, որ որևէ փուլում դրանք ընդունվելու են։ Պնդում եմ, որ յոթ ամիս տևած քննության արդյունքները մեր հարգարժան դատախազները գոնե մի էջով ներկայացնեն»,– ավելացրեց Բագրատ սրբազանը։
Մեղադրող կողմը դատարանում ներկայացրել է ապացույցների ծավալը, որը հետագայում դատարանը պետք է քննի։ Ապացուցողական բազան առայժմ սահմանափակվում է այցելությունների և հեռախոսային զանգերի չփորձաքննված տվյալներով ու խուզարկությամբ հայտնաբերված իրերով։ Դատախազը նշել է, որ ժամանակ խնայելու նպատակով չի մանրամասնում փաստերը, այլ պարզապես հղում է անում գործի էջերին և վկաների ցուցմունքներին։
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կալանավորվել է 2025 թվականի հունիսի լույս 26-ի գիշերը։ Օգոստոսի 21-ին դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշմամբ նրա կալանքի ժամկետը երկարաձգվեց 3 ամսով։ Նոյեմբերի 13–ին երկարացվեց ևս երեք ամսով։
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցներն ու ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։





