Հայաստանյայց Առաքելական եկեղեցին երկու հայց է ներկայացրել կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանի (Տեր Արամ քահանա) դեմ՝ դատարանից պահանջելով պարտավորեցնել նրան վերադարձնել Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Օհանավան գյուղի եկեղեցու բանալիները, ինչպես նաև նրան հատկացված բնակարանը, հայտնում է Factor.am-ը:
Մասնավորապես, ՀԱԵ-ն դատարանից պահանջել է արգելել կարգալույծ հռչակված քահանային մուտք գործել Հովհաննավանքի եկեղեցու հետևյալ հատվածները՝ Սուրբ Խորան, ավանդատուն և ատյան։
Երկրորդ հայցով ՀԱԵ-ն խնդրում է պարտավորեցնել Ստեփան Ասատրյանին վերադարձնել ՀԱԵ սեփականության իրավունքով պատկանող ք․Երևան, Շենգավիթ, Արշակունյաց պողոտա 54/3 շենք, 18 բնակարանը, այդ թվում՝ բնակարանի բանալիները՝ վտարելով կարգալույծ հռչակված քահանային և իր հետ բնակվող անձանց նշված բնակարանից։
Եկեղեցին Ասատրյանից պահանջում է նաև բռնագանձել այս երկու հայցերի դատական ծախսերը, այդ թվում՝ նախապես վճարված պետական տուրքերի գումարը։
Տեր Արամը՝ Հովհաննավանքի նախկին հոգևոր հովիվը, առաջիններից էր, որ հրապարակայնորեն դեմ է արտահայտվել Գարեգին Բ կաթողիկոսին՝ միանալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «Եկեղեցու բարենորոգման» գործընթացին։ 2025 թվականի հոկտեմբերին Մայր Աթոռը նրան կարգալույծ է հռչակել։
Կարգալույծ հռչակված հոգևորականի պաշտպանության համար, նրան կարգալույծ հայտարարելուց անմիջապես հետո, հաջորդ կիրակի օրը Հովհաննավանքում պատարագին մասնակցել են վարչապետ Փաշինյանը, կառավարության անդամները։ Այդ պատարագը մատուցել է հենց Ստեփան Ասատրյանը։
Թեև կարգալույծ է հռչակվել, Ասատրյանը մինչ օրս շարունակում է գտնվել Հովհաննավանքում՝ պատարագներ մատուցելով և կրոնական ծեսեր իրականացնելով։ Արագածոտնի թեմը պարբերաբար հաղորդագրություններ է տարածել՝ հայտարարելով, թե Ասատրյանի գործողությունները օրենքի խախտում են։
Գևորգ եպիսկոպոս Սարոյանը հայց է ներկայացրել ՀԱԵ-ի դեմ՝ վիճարկելով Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից իրեն ազատելու Գարեգին Բ-ի որոշումը։ Դատարանը՝ դատավոր ԲԴԽ անդամ Էդգար Հովհաննիսյանի նախագահությամբ, հայցը վարույթ ընդունելու հաջորդ օրը կիրառել է հայցի ապահովման միջոց՝ ժամանակավորապես վերականգնելով Սարոյանի պաշտոնը մինչև գործի վերջնական լուծումը։





