AM
23 Հունվար 2026 - 08:22 AMT

Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալն ամբողջությամբ մերժել է ՀԷՑ-ի գործով Կարապետյանների միջնորդության պահանջները

Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը 2025 թվականի դեկտեմբերի 24‑ին ամբողջությամբ մերժել է Liormand Holdings Limited, Սամվել Կարապետյան, Էթերի Կարապետյան, Սարգիս Կարապետյան և Կարեն Կարապետյան (այսուհետ՝ «Հայցվորներ») կողմերի ներկայացրած միջնորդությունը, հայտնում է կառավարությունը։

«Միջնորդությամբ, ի թիվս այլնի, Արբիտրաժային տրիբունալից պահանջվում էր արտակարգ արբիտրի (Emergency Arbitrator) կողմից 22.07.2025 թվականի թիվ EA 2025/121 վճռի՝ ՀՀ կողմից չկատարման փաստի հաստատումը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀԷՑ) լիցենզիայի և վերջինիս կառավարման մարմինների անդամների լիազորությունների վերականգնումը, ինչպես նաև նշանակված ժամանակավոր կառավարչի լիազորությունների դադարեցումը։ Բացի այդ, տրիբունալից հայցվել էր նաև արգելել ՀԷՑ-ի բաժնետոմսերի կամ այլ ակտիվների հարկադիր վաճառքը, օտարումը կամ որևէ այլ եղանակով տնօրինումը։

Արբիտրաժային տրիբունալն ամբողջությամբ մերժել է նշված բոլոր պահանջները՝ եզրակացնելով, որ Հայցվորների կողմից պահանջված ապահովման միջոցները հիմնավորված չեն։

Արբիտրաժային տրիբունալը նաև որոշել է, որ միջնորդության քննության հետ կապված բոլոր ծախսերը ամբողջությամբ կրելու է Հայցվոր կողմը։

Այս որոշմամբ պահպանվում է արբիտրաժային վարույթի ամբողջականությունը և համակողմանիությունը՝ ապահովելով, որ հետագա ցանկացած որոշում կկայացվի բոլոր վերաբերելի ապացույցների հիման վրա և Արբիտրաժային տրիբունալի՝ իր իրավազորության և կիրառելի իրավունքի վերաբերյալ գնահատականի համաձայն։

Հայաստանը ողջունում է տվյալ որոշումը, որը կայացվել է վեճը, ըստ էության, լուծելու իրավասություն ունեցող Արբիտրաժային տրիբունալի, այլ ոչ թե «արտակարգ արբիտրի» կողմից։

Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր հանձնառությունը՝ արբիտրաժային վարույթին մասնակցել բարձր պրոֆեսիոնալիզմով և գործընթացի նկատմամբ լիակատար հարգանքով՝ միաժամանակ հետևողականորեն պաշտպանելով իր դիրքորոշումները և շահերը, ինչպես նաև շարունակելով կառուցողական համագործակցությունը Հայցվոր կողմի և Արբիտրաժային տրիբունալի հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

2025 թվականի հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի հրատապ արբիտրաժը որոշում էր կայացրել՝ պարտավորեցնելով ՀՀ-ին չկիրառել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ վերջերս ընդունված «էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքներով սահմանված դրույթները, ինչպես նաև դադարեցնել ՀԷՑ-ի հնարավոր բռնագրավման հետագա քայլերը։

ՀՀ կառավարությունն արձագանքել էր ՀԷՑ–ի հարցով Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի հուլիսի 22-ի վճռին։ Նշվում է, որ «վեճի շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները»։ Նշվում է, որ հարգելով վճիռը, միևնույն ժամանակ բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ։