Փաստաբան Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում, արձագանքելով Արցախից վերադարձած 11 անձի մասին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի ձևակերպումներին, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Ղարաբաղն Ադրբեջան չէ, իսկ այնտեղից հեռացողը՝ բռնի հայրենազրկված անձ է:
«Ղարաբաղը Ադրբեջան չէ, իսկ Արցախից հեռացողը ոչ թե տեղափոխվող է, այլ բռնի կերպով հայրենազրկված անձ։
Մենք դուրս ենք եկել Արցախից ոչ թե ցանկությամբ, այլ լռության, սովի ու վախի միջով։ Թողել ենք մեր տները ոչ թե ընտրությամբ, այլ որովհետև կանգնեցրել եք սպանդի առջև և այլ ելք չեք թողել։
Մենք թողել ենք ոչ թե պատերը, այլ հիշողությունները։ Ոչ թե հողը, այլ մանկությունը։ Ոչ թե հասցեն, այլ ինքնությունը։
Ղարաբաղը Ադրբեջան չէ։ Եվ որքան էլ փորձեք դա այլ կերպ ձևակերպել, Արցախը մեր սրտերում միշտ կմնա հայրենիք»,-գրել է նա:
Թորոսյանը գրել էր․ «Տեղեկացնում եմ, որ Ադրբեջանի Հանրապետությունում (Ղարաբաղում) մինչ այժմ բնակվող 10 հայ և ազգությամբ ռուս մեկ ՀՀ քաղաքացի դիմել են Ադրբեջանի և Հայաստանի պատկան մարմիններին՝ Հայաստանի Հանրապետություն տեղափոխվելու խնդրանքով։ Դիմումների հիման վրա նշված անձինք տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն»:
Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Հարձակման հետևանքով զոհվել է 223 մարդ, այդ թվում՝ 20 քաղաքացիական անձ, որոնցից 6-ը եղել են անչափահաս։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ էր մնացել։





