Ազգային ժողովն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունել է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությունը, որն առնչվում է դիտորդական առաքելությունների գործունեությանը:
Նախագծին կողմ է քվեարկել 65 պատգամավոր, դեմ՝ 2, ձեռնպահներ չեն եղել, հայտնում է 1lurer.am-ը:
Նախագծի երկրորդ ընթերցման քննարկումը նախատեսվում է կազմակերպել 24-ժամյա ընթացակարգով։
Նախաձեռնության հիմնական զեկուցողը՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը, ընդգծել է, որ գործող օրենսգիրքը սահմանում է դիտորդների չեզոքության ու անկողմնակալության պահանջ, սակայն առկա կարգավորումները լիարժեք չեն, երբ նման սկզբունքների խախտում է արձանագրվում։
Ջուլհակյանի խոսքով՝ նոր նախագծով առաջարկվում է սահմանել մեխանիզմ, ըստ որի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է վարույթ նախաձեռնել ու չեղարկել այն դիտորդական առաքելության հավատարմագրումը, որի գործունեությունը խախտում է չեզոքության սկզբունքը։
«Հայաստան» խմբակցությունը բոյկոտել է արտահերթ նիստը՝ լքելով նիստերի դահլիճը։
Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագիծը։ Քննարկման ընթացքում պատգամավոր Հովիկ Աղազարյանը հարց է ուղղել՝ արդյոք նախագծով նախատեսված փոփոխությունները պետք չէ անել առնվազն ընտրություններից մեկ տարի առաջ՝ մատնանշելով նման պահանջի հնարավոր առկայությունը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը, որպես հիմնական զեկուցող, պարզաբանել է, որ խաղի որևէ կանոն չի փոխվում այս նախագծով, ընդամենը հստակեցվում է արդեն գործող կանոնը:





