AM
24 Հունվար 2026 - 06:39 AMT

Կարգալույծ քահանա․ Եթե ժողովուրդն ասի՝ եկեղեցուց դուրս արի, նույն րոպեին դուրս կգամ

Կարգալույծ արված նախկին քահանա Ստեփան Ասատրյանը (Տեր Արամ), որի դեմ ՀԱԵ-ն 2 հայց է ներկայացրել, ասել է, թե դա ուղղված է ոչ միայն իր, այլև ժողովրդի դեմ։

ՀԱԵ-ն դատարանից պահանջում է պարտավորեցնել նրան՝ վերադարձնել Օհանավան գյուղի եկեղեցու բանալիները, ինչպես նաև նրան հատկացված բնակարանը։

«Եթե ժողովուրդն ասի՝ դուրս արի, նույն րոպեին դուրս կգամ։ Իսկ եթե ժողովուրդը որոշի, որ ես մնում եմ, որևէ դատարան ժողովրդի խոսքը չի կարող անտեսել»,-ասել է նա, հայտնում է Factor.am-ը:

Անդրադառնալով եկեղեցու բանալիները վերադարձնելու պահանջին` նա ասել է, որ դրանք իր մոտ չեն:

«Ես բանալիները տվել եմ ժողովրդին։ Եթե ինքը կարող է ժողովրդից բանալի վերցնել, թող գնա վերցնի։ Եթե ես էլ ցանկանամ այդ բանալիները տալ իրեն, ժողովուրդը չի թողնի։ Իմ դեմ կատարած որևէ գործողություն գործողություն է ժողովրդի դեմ»,- հավելել է նա։

Ինչ վերաբերում է բնակարանին, ապա նա ասել է․ «Հայոց հայրապետին ոչ պատվաբեր արարք է։ Երկու անչափահասների տնից հանում է, այն էլ ձմռանը»։

Անդրադառնալով Հովհանավանքի որոշ տարածքներ մուտք գործելու արգելքին՝ նա նշել է, որ այդ պահանջը իրեն ներկայացվել է կարգալույծ ճանաչվելուց ընդամենը մեկ օր անց՝ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի անունից։

«Դատի է տվել, մենք էլ պետք է պաշտպանվենք։ Գոնե կպատրաստվենք պաշտպանվել»,- արձագանքել է նախկին հոգևորականը։

Երբ նրան հարցրել են, թե ինչպես է պատրաստվում պաշտպանվել, Ասատրյանն ասել է. «Աստված կհուշի»։

Վերջում նա նշել է, որ գտնվել է Հովհաննավանքում և օրեր առաջ կատարել է մկրտության ծես։

Կարգալույծ հռչակված հոգևորականի պաշտպանության համար, նրան կարգալույծ հայտարարելուց անմիջապես հետո, հաջորդ կիրակի օրը Հովհաննավանքում պատարագին մասնակցել են վարչապետ Փաշինյանը, կառավարության անդամները։ Այդ պատարագը մատուցել է հենց Ստեփան Ասատրյանը։

Թեև կարգալույծ է հռչակվել, Ասատրյանը մինչ օրս շարունակում է գտնվել Հովհաննավանքում՝ պատարագներ մատուցելով և կրոնական ծեսեր իրականացնելով։ Արագածոտնի թեմը պարբերաբար հաղորդագրություններ է տարածել՝ հայտարարելով, թե Ասատրյանի գործողությունները օրենքի խախտում են։

Գևորգ եպիսկոպոս Սարոյանը հայց է ներկայացրել ՀԱԵ-ի դեմ՝ վիճարկելով Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից իրեն ազատելու Գարեգին Բ-ի որոշումը։ Դատարանը՝ դատավոր ԲԴԽ անդամ Էդգար Հովհաննիսյանի նախագահությամբ, հայցը վարույթ ընդունելու հաջորդ օրը կիրառել է հայցի ապահովման միջոց՝ ժամանակավորապես վերականգնելով Սարոյանի պաշտոնը մինչև գործի վերջնական լուծումը։