Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքի ժամկետը 1 ամսով երկարացվել է,վերացվել են բոլոր սահմանափակումները։ Որոշումը հրապարակել է նիստը նախագահող դատավոր Դավիթ Դաբաղյանը:
Նրա գործով առաջին դատական նիստի ընթացքում հանրային մեղադրողը միջնորդել էր 3 ամսով երկարաձգել նրա կալանքի ժամկետը։ Մեղադրողը նշել էր, որ վերագրվող հանցավոր արարքների բնույթի վտանգավորության աստիճանն ունի էկան նշանակություն նրա հետագա վարքագծի հավանականությունը կանխորոշելու հարցում։
«Գործում առկա են փաստական տվյալներ, որոնք բավարար են հիմնավորելու մեղադրյալի սույն փուլում անազատության մեջ պահելու անհրաժեշտությունը և առկա չէ այնպիսի հանգամանք, որի դեպքում կհիմնավորվի այլ խափանման միջոց կիրառելու անհրաժեշտությունը։ Կոնկրետ դեպքում այլընտրանքային խափաման միջոցները պիտանի չեն հետապնդող նպատակին հասնելու համար»,- ասել է մեղադրողը, հայտնում է Panorama.am-ը:
Սրբազանի պաշտպան Ռոման Ահարոնյանը հակադարձել է՝ հայտարարելով, որ ոչ միայն կալանքի, այլև որևէ խափանման միջոցի անհրաժեշտություն այլևս չկա։
«Ունեինք ընդամենը մեկ հիմք, որ տեսականորեն կարող է ազդել վկաների վրա, այն էլ ի սպառ չկա, այս գործում ոչ մի վկա չկա։ Տեսականորեն կան տուժողներ՝ Արամայիս Թախմազյանը և Ստեփան Ասատրյանը, որոնք պաշտպանված են պետության կողմից, լուրջ չէ մտքի ծայրով անգամ անցկացնել, որ հանկարծ կարող են փոխել իրենց ցուցմունքը՝ ազդվելով սրբազանից։
Այս պահին որևէ խափանման միջոցի հիմք չկա, կալանքն անհապաղ ենթակա է վերացման»,- ասաց պաշտպանը։
Մկրտիչ սրբազանը կալանավորված է 2023 թվականի հոկտեմբերի 16-ից՝ նախնական երկու ամսով, այնուհետև կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս երկու ամսով։ Նշված քրեական գործով տուժողներ են ճանաչվել կարգալույծ նախկին հոգևորականներ Արամայիս Թախմազյանը (նախկին տ․Թադեոս) և Ստեփան Ասատրյանը (նախկին տ․Արամ)։
Մկրտիչ Սրբազանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով՝ մասնավորապես. 210-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ հանրաքվեին կամ ընտրությանը մասնակցելու կամ հրաժարվելու համար անձին հարկադրելը՝ պաշտոնեական դիրքի կամ ազդեցության օգտագործմամբ, 236-րդ հոդվածի 3-րդ մասով՝ հավաքի մասնակցելուն հարկադրելը կամ դրանից հրաժարվելու նպատակով շանտաժով կամ նյութական շահագրգռմամբ, ծառայողական լիազորությունների օգտագործմամբ։





