AM
27 Հունվար 2026 - 12:17 AMT

Զուրաբյան. Փաշինյանի ամբողջ կերպարը հենց այսօրվա «պետականորեն» նշվող օրվա «խորհրդի» մեջ է

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր սահմանելու որոշմանը, գրել է, որ վարչապետ «Նիկոլ Փաշինյանի ամբողջ կերպարը հենց այսօրվա «պետականորեն» նշվող օրվա «խորհրդի» մեջ է»:

«Նիկոլ Փաշինյանի ամբողջ կերպարը հենց այսօրվա «պետականորեն» նշվող օրվա «խորհրդի» մեջ է»,-գրում է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը

Հանուն սեփական իշխանության ու օտար տերերի ակնկալիքների զոհաբերել հազարավոր մարդկանց կյանքը և միլիոնավոր մարդկանց անվտանգությունն ու արժանապատվությունը («որ մեզ չասեն դավաճան», «որ հաշտությունը Ադրբեջանի հետ և երկխոսությունը Թուրքիայի հետ հնարավոր դառնա»), իսկ հետո հայտարարել զոհաբերված մարդկանց հիշատակի օր և խոնարհվել նրանց առաջ:

Ավելի շնորհալի սրբապիղծ մեր հողը դեռ չէր ծնել»,-գրել է նա:

Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը հանուն հայրենիքի զոհաբերած հայորդիների հիշատակին:

Վարչապետը ծաղիկներ է խոնարհել Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին: