AM
27 Հունվար 2026 - 12:20 AMT

Մամիջանյան․ ԵԽԽՎ զեկույցում հստակ նշվում է, որ այն, ինչ տեղի է ունենում, պետության հարձակումն է եկեղեցու վրա

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան տեսաուղերձում նշել է, որ ԵԽԽՎ «Վեհաժողովի մոնիտորինգի ընթացակարգի առաջընթացը» անվանմամբ հունվարի 26-ին հաստատված բանաձևում կա 3 կետ, որոնց մասին իշխանությունը չի բարձրաձայնում։

«Առաջին՝ զեկույցում հստակ նշվում է, որ այն, ինչ տեղի է ունենում հիմա, պետության հարձակումն է եկեղեցու վրա. դա հստակ գրված է։ Այսինքն՝ այն հեքիաթները, որ Փաշինյանը պատմում է, թե իբր սա եկեղեցու դեմ չէ և այլն, հօդս են ցնդել նույնիսկ այս զեկույցի շրջանակներում։ Հստակ նշվում է, որ առկա է առճակատում պետության և եկեղեցու միջև»,– ասել է Մամիջանյանը, հայտնում է Sputnik Արմենիան:

Նրա փոխանցմամբ՝ երկրորդ կարևոր կետով արձանագրվել է, որ ընտրական գործընթացներում պետք է բացառվի պետական ռեսուրսի սխալ օգտագործումը։

«Երրորդ կետով, որ առկա է զեկույցում, հստակ նշվում է, որ անհրաժեշտ է պաշտպանել ժողովրդավարական ինստիտուտները քաղաքական ազդեցությունից։ Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ ահռելի մակարդակի են այդ խախտումները, որ անգամ միջազգային որոշ կազակերպությունների կողմից Փաշինյանի ցանկացած արարքն արդարացնելու և չբարձրաձայնելու դեպքում է անհնար եղել կոծկել կամ չնկատել ու չներառել այս զեկույցում»,– շարունակել է պատգամավորը։

Միաժամանակ, Մամիջանյանը քննադատել է ԵԽԽՎ բանաձևի որոշ ձևակերպումներ՝ դրանք անվանելով խայտառակություն։ Նրա գնահատմամբ, բացարձակ անընդունելի է, որ զեկույցում որևէ հիշատակում չկա ՀՀ-ում, իր ձևակերպմամբ, քաղբանտարկյալների գոյության մասին։

ԱԺ նախագահի տեղակալ և ԵԽԽՎ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտնել էր՝ բանաձևում Վեհաժողովը խորը մտահոգություն է արտահայտել նաև «Եկեղեցու մի քանի հոգևորականների կողմից իշխանությունը բռնազավթելու ծրագրերի մասին տեղեկությունների առնչությամբ»։