AM
28 Հունվար 2026 - 08:16 AMT

Կարգալույծ է հռչակվել Գևորգ եպիսկոպոս Սարոյանը

Գերագույն հոգևոր խորհրդի հունվարի 27-ի որոշմամբ կարգալույծ է հռչակվել Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, հայտնում է, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը:

«Գերագույն հոգևոր խորհուրդը քննության առավ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Տ․ Գևորգ եպս․ Սարոյանի կարգազանց ընթացքը։

Արձանագրվել է, որ վերջինս վիճարկելով թեմակալ առաջնորդի պաշտոնից ազատվելու և Մայրավանք վերադառնալու Հայրապետական տնօրինությունը, փաստացի դրժել է հնազանդության իր ուխտը և դատական հայց ներկայացրել ընդդեմ Սուրբ Էջմիածնի՝ պահանջելով վերականգնել առաջնորդական իր հանգամանքը։

Գերագույն հոգևոր խորհուրդը անդրադարձ է կատարել նաև Գևորգ եպիսկոպոսի հրապարակային ելույթներում և հայտարարություններում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, իր ծառայակից եկեղեցականների և Ամենայն Հայոց կաթողիկոսի հասցեին հնչեցրած զրպարտիչ մեղադրանքներին, խստորեն դատապարտել նման վարքագիծը՝ այն գնահատելով եկեղեցական կարգի, կանոնական հնազանդության ու եկեղեցական միաբանության սկզբունքների կոպիտ խախտում և առաջարկ ներկայացրեց Ամենայն Հայոց կաթողիկոսին Տ․ Գևորգ եպս․ Սարոյանին հռչակել կարգալույծ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Եկեղեցականների ապօրինի կալանքների, բարերարի դեմ հարուցված քրեական գործերի և ընդհանուր դատավարական ընթացակարգերի մասին զեկուցումներով հանդես են եկել փաստաբաններ Արա Զոհրաբյանը, Արսեն Բաբայանը և Հովհաննես Խուդոյանը։

Անդրադառնալով այս գործընթացներին՝ արձանագրվել է, որ հոգևորականների դեմ առաջադրված մեղադրանքներն ու կիրառված միջոցները չունեն իրավական հիմնավորումներ, հակասում են արդար դատաքննության սկզբունքներին և կրում են խտրականություն։

Գերագույն հոգևոր խորհուրդը խստորեն դատապարտել է եկեղեցականների դեմ իրականացվող ճնշումները՝ դրանք գնահատելով որպես ՀՀ Սահմանադրության և գործող օրենսդրության կոպիտ խախտումներ, որոնք մտահոգիչ շարունակականություն ունեն։

Ժողովի մասնակիցները նաև անընդունելի են համարել պետական ու իրավապահ մարմինների ներգրավմամբ եկեղեցու ներքին գործերին ուղղված հակասահմանադրական միջամտությունները։

Եկեղեցուն առնչվող օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ զեկույցով հանդես է եկել ի.գ.դ., պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը։ Նա մանրամասն անդրադարձ է կատարել հողային և պատմամշակութային հուշարձանների կարգավորման վերաբերյալ օրինագծերին, որոնք հակասում են գոյություն ունեցող քաղաքացիական և մասնագիտական օրենսդրության դրույթներին, վտանգում են սեփականության իրավունքը և ձևավորում են սխալ տպավորություններ, թե Հայ Եկեղեցին կարող է օտարել պաշտամունքային կառույցներ։ Զեկույցում շեշտվել է, որ այս նախաձեռնությունները չունեն իրական իրավական հիմք, չեն ծառայում սրբավայրերի պահպանությանը և նպատակաուղղված են հակաեկեղեցական տրամադրությունների խթանմանը։

Գերագույն հոգևոր խորհուրդը հայտնել է իր դիրքորոշումը՝ առաջարկելով արգելել պաշտամունքային հուշարձանների օտարումը՝ անկախ դրանց սեփականության կարգավիճակից։

Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում նախատեսվող Եպիսկոպոսաց ժողովի կազմակերպչական աշխատանքներին։ Որոշում է կայացվել ձևավորել կազմակերպչական հանձնախումբ՝ ժողովի նախապատրաստական գործընթացն արդյունավետ համակարգելու նպատակով։

2026-ի հունվարի 10-ին Գարեգին Բ կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Գևորգ եպիսկոպոս Սարոյանն ազատվել էր Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից։ Սարոյանն այն եպիսկոպոսներից մեկն է, որոնք միացել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՀԱԵ բարենորոգման նախաձեռնությանը:

Սարոյանը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու՝ պահանջելով անվավեր ճանաչել իրեն Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու վերաբերյալ Գարեգին Բ կաթողիկոսի հայրապետական տնօրինությունը և վերականգնել իր պաշտոնը։ Դատարանը բավարարել է հայցադիմումի միջնորդությունը և կիրառել է հայցի ապահովման միջոց՝ վերականգնելով Գևորգ եպիսկոպոս Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում մինչև դատական գործընթացի ավարտը։