ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում նա անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ Բանակի օրվա կապակցությամբ հրապարակած ուղերձին և պարբերաբար նախկինների օրոք բանակի վիճակին վերաբերող քննադատություններին։
Նա նշել է, որ Ադրբեջանը խոսում է խաղաղության մասին, բայց ամեն օր զինված ուժերում հատուկ նշանակության նոր ստորաբաժանումներ է ձևավորում, իսկ մենք ՀՀ-ում տեսնում ենք, որ դրանց փոխարեն հատուկ նշանակության ոստիկանական ուժեր են ձևավորվել, հայտնում է Sputnik Արմենիան:
Ըստ նրա, այսօրվա ուղերձում վարչապետը նշել էր, որ նախկինում միջազգային գործընկերները հրաժարվում էին Հայաստանին զենք մատակարարել, մինչդեռ այժմ ձեռք են բերվում բարձրարժեք ու բազմաքանակ սպառազինություններ։
«Էդ էր պակաս, որ այս ողբերգություններից, անհաջողություններից հետո քայլեր չձեռնարկվեին բանակի մարտունակությունը վերականգնելու ուղղությամբ։ Կարծում եմ, որ այս 5 տարիները բաց թողնված ժամանակաշրջան է, ավելին կարելի էր անել՝ սկսած նրանից, որ պետք է մշակվեր ազգային անվտանգության ռազմավարությունը՝ նոր խնդիրներին համաձայն, որոնք ավելացել են և՛ մարտական, և՛ մարտավարական առումով»,- ասել է Օհանյանը։
Նախկին նախարարը նշել է՝ զենքի մատակարարման գործընթացը պետք է ուղեկցվի բանակի կարողությունների համարժեք ընդլայնմամբ։ Ըստ նրա՝ բանակին պետք է հնարավորություն տրվի յուրացնել ու գործնականում կիրառել նոր զինատեսակները։
Նա վստահ է՝ բանակը մնում է այն առանցքային կառույցը, որը կարող է արագ վերականգնվել, եթե ցուցաբերվի անհրաժեշտ ուշադրություն ու հետևողականություն։
«Հայկական բանակը ձևավորվել է ՀՀ անկախության, Արցախի համար ազատության պատերազմական գործողություններին զուգահեռ՝ զրոյից, մեծ չարչարանքի գնով հասել է մի իրավիճակի, որ հաղթել է, մեր տարածաշրջանում եղել է մրցունակ և միջազգային գործընկերների հետ եղել է փոխգործունակ»,- ասել է Օհանյանը։
Անդրադառնալով այն քննադատություններին, որոնք հնչում են նախկին իշխանությունների օրոք բանակում եղած խնդիրների վերաբերյալ՝ Օհանյանն ընդգծել է, որ բանակը ունեցել է անհրաժեշտ համալրում, թերություններ եղել են, բայց այդ պայմաններում Զինված ուժերն ու Արցախի բանակը իրենց առջև դրված խնդիրները կատարել են պատշաճ։





