AM
29 Հունվար 2026 - 12:24 AMT

Վարչապետ․ Հայաստանում Արարատ սար չկա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ առաջին անգամ Հայաստանում իրավիճակն այնպիսին է, որ մարդիկ ոչ թե հեռանում են երկրից, այլ վերադառնում՝ որպես ապացույց երկրի կայունության և առաջընթացի։ Այդ մասին նա ասել է կառավարության նիստից հետո ճեպազրույցում:

Նա նաև ասել է, որ Արարա՞տ, թե Արագած հարցը հետևյալի մասին է՝ «պետությո՞ւն, թե չպետություն», և հավելել է, որ Հայաստանում Արարատ սար չկա, հայտնում է Aysor.am-ը:

«Պետությունն ունի միջազգայնորեն ճանաչված տարածք ու ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքում կա Արարատ, դա Արարատ խոշորացված համայնքն է ու Արարատի մարզն է, բայց Արարատ սար Հայաստանում չկա: Եթե չեք նկատել՝ վկայում է մի բանի մասին, որ պետություն ու չպետություն հասկացությունների միջև դեռ մինչև վերջերս սահմանազատում չի եղել, ինչը մենք իրականացրել ենք, որովհետև մենք պետություն ենք», – ասել է նա։

Նա ընդգծել է, որ Հայաստանը վայելում է անկախությունը և խաղաղությունը։

«Հասցրել ենք այն վիճակի, որ ՀՀ տասնյակ հազարավոր քաղաքացիներ առողջության ապահովագրության շրջանակներում ստանում են ծառայություններ պետական բյուջեի միջոցներով, հասցրել ենք այն վիճակի, որ Հայաստանն, ի վերջո, վայելում է խաղաղությունն ու անկախությունը», – ասել է նա։

2025-ի աշնանը Արարատի պատկերը հանվել է սահմանային կնիքից: