Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է այն հրամանը, որով լուծարվել է ԶՈւ-ում գործող հոգևոր առաջնորդությունը՝ միաժամանակ ներկայացնելով դրան փոխարինող ծառայության կազմակերպման կարգավորումները։
«Հարգելի՛ գործընկերներ, տարընթերցումներից զերծ մնալու նպատակով հրապարակում եմ հրամանը, որով կարգավորվում է զինված ուժերում հոգևոր ծառայության կազմակերպումը»,-գրել է նա:
Հրամանում ասվում է․ «2026 թվականի փետրվարի 1-ից դադարեցնել ՀՀ ԶՈւ Հոգևոր ծառայության առաջնորդի և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու կողմից նշանակված հոգևոր ծառայողների գործունեությունը ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում:
Ապահովել մինչև սույն հրամանի ուժի մեջ մտնելը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչված և ՀՀ զինված ուժերում ավագ գնդերեցի կամ գնդերեցի զինվորական պաշտոնի նշանակված անձանց կողմից հոգևոր ծառայության իրականացումը` ՀՀ ԶՈւ ԳՇ բարոյահոգեբանական ապահովման վարչության ընդհանուր համակարգմամբ և ծառայության վայրի զորամասի հրամանատարի անմիջական ենթակայությամբ»:
Ըստ որոշման, 3-օրյա ժամկետում պետք է առաջարկություններ ներկայացվեն ՀՀ ԶՈւ շարքերում հոգևոր ծառայություն իրականացնելու գործառույթներով ավագ սպայական «մայոր» և կրտսեր սպայական «կապիտան» կոչումային դասակարգմամբ ավագ գնդերեցի և գնդերեցի պաշտոններ ստեղծելու վերաբերյալ, որոնք զբաղեցնելու համար պարտադիր պայման կլինի Հայաստանյայց Առաքելական եկեղեցու հոգևոր կրթություն ստացած լինելը:
Սամվել դպիր Գրիգորյանը անդրադարձել է Զինված ուժերի հոգևոր առաջնորդությունը լուծարելու որոշմանը՝ նշելով, որ «ԶՈւ հոգևոր սպասավորությունը լուծարելը, եկեղեցիների դռները զինվորի, վիրավորի, բուժվողի, բուժանձնակազմի առջև փակելը պարզապես վարչական որոշում չէ, այլ մեր նորագույն պատմության մեջ մի աննախադեպ հետքայլ, որը հարվածում է բանակի և ընդհանրապես հայ մարդու հոգևոր անվտանգության հիմքերին, մեր գենետիկական հիշողությանը»:
ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան եթերում հայտարարել է, որ «պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը որոշում է ստորագրել, որով չեղարկել է հանգուցյալ Վազգեն Սարգսյանի օրոք կայացված որոշումը»։
«Մեկ պահ պատկերացրեք՝ Սուրեն Պապիկյանի որոշմամբ չեղարկվել է Վազգեն Սարգսյանի նախաձեռնությունը։ Սուրեն Պապիկյանի որոշման հրամանի համաձայն՝ փետրվարի 1-ից այլևս մեր զինված ուժերում չի լինելու հոգևոր ծառայությունը, հոգևոր առաջնորդությունը։
Հոգևոր առաջնորդի ինստիտուտը վերանում է, իսկ բոլորը պետք է դառնան ուղղակի զինվորականներ, գնդերեցները պետք է դառնան զինվորականներ։ Գնդերեցներ, որ 1997 թվականին հանգուցյալ Գարեգին Վեհափառի և Վազգեն Սարգսյանի համատեղ նախաձեռնությամբ, անցնող բոլոր տարիներին ծառայել են մեր զինված ուժերում, եղել են մեր զինվորի կողքին, նույնիսկ մարտական գործողությունների ժամանակ։
Գնդերեցներ, որոնցից 44-օրյա պատերազմում եղան զոհեր, ունենք անհայտ կորած գնդերեց, ունենք վիրավորած գնդերեց, որոնք երբեք չնահանջեցին, չընկրկեցին, եղան զինվորի կողքին։
Այսօր Պապիկյան Սուրենն ու Նիկոլ Փաշինյանը որոշում են, որ այլևս հոգևոր ծառայություն պետք չէ մեր զինված ուժերում։ Քանաքեռի եկեղեցին, որ մեր զինված ուժերի եկեղեցին է, այլևս այնտեղ զինվոր չենք տեսնելու, իսկ ամեն կիրակի պատարագին բազմաթիվ զինվորներ էինք տեսնում։ Այլևս Աշոտ Երկաթի խաչը, որ մեր զինված ուժերի պահապանն էր ՝ Վեհափառի որոշմամբ, այլևս բանակի հետ կապ չի ունենալու»,-գրել է նա:
Մանուկյանը շեշտել է, որ այս որոշումը դիտարկում է որպես ուղղակի հարձակում Հայ առաքելական եկեղեցու վրա։
«Փոքրոգի, տմարդի, աղանդավոր, թշնամի արշավ է։ Տեսան, որ այս շաբաթներին զինվորականները, որոնց իրենց ուսադիրի վրա թքած ունեին, հայրենիքի վրա թքած ունեին, փորձում էին ճնշել գնդերեցների, բայց որևէ մեկը չդավաճանեց Վեհափառին, որևէ մեկը չդավաճանեց Հայ առաքելական եկեղեցուն, ինչպես որ պատերազմի դաշտում հայրենիքը չեն դավաճանել։
Տեսան, որ չէին կարողանում ազդել և,իրականում, վերջին շրջանում շատ էր մտահոգությունը, որ գնդերեցների ինստիտուտը, համակարգը վերանալու է։ Բանակի տոնի նույն այս շրջանում, երբ Նիկոլ Փաշինյանը այդ զինվորականներին նայելով, ուղղակի անգրագետ դատողություններ էր անում, մեկը ծպտուն չէր հանում, արցախցի զինվորականների ներկայությամբ Արցախն էր ուրանում, հիմա ճիշտ այդ օրերին մեր զինված ուժերում իրենց խոնարհ ծառայությունն իրականացնող հոգևոր առաջնորդը և հոգևոր ծառայությունը վերացվում է Սուրեն Պապիկյանի հրամանով։ Տեսնենք, էլ ի՞նչ փորձանք են սրանք բերելու մեր գլխին»,– նշել է Մանուկյանը։





