AM
2 Փետրվար 2026 - 06:56 AMT

Տեր Պսակ․ Գնդերեց սարկավագների վրա հոգեբանական ճնշումներ են գործադրվել

Տեր Պսակ քահանա Մկրտչյանը հայտարարել է, որ որոշ բարձրաստիճան զինվորականներ հոգեբանական ճնշումների միջոցով փորձել են գնդերեց սարկավագներին համոզել աջակցել վարչապետի կողմից առաջարկվող եկեղեցու բարենորոգման նախաձեռնությանը։ Այդ մասին նա ասել է «Շողակաթ» հեռուստաընկերության եթերում:

«Զորամասեր տարբեր բարձրաստիճան զինվորականներ են այցելել, փորձել են տարբեր միջոցներով ճնշել գնդերեցների դիրքորոշումը, տեղեր են եղել, որ նույնիսկ ճնշումներ են եղել հոգեբանական, թույլ չեն տվել նույնիսկ կապ հաստատել հոգևոր առաջնորդի հետ, թյուր ինֆորմացիա են տարածել, որ իբր հոգևոր առաջնորդը տեղյակ է, բայց իրականության մեջ այդպիսի բան չի եղել»,-ասել է նա, հայտնում է Sputnik Արմենիան:

Տեր Պսակը նշել է, որ մեկ շաբաթ առաջ սարկավագներին հրավիրել են պաշտպանության նախարարություն՝ իբրև քննարկելու զինված ուժերում ինքնասպանությունների և ինքնախեղումների կանխարգելման միջոցները, սակայն, նրա փոխանցմամբ, իրականում քննարկման բուն նպատակը այլ է եղել։

«Այդ հանդիպմանը մասնակցել է նաև պաշտպանության նախարարը, գլխավոր շտաբի պետը։ Զրույցի ժամանակ սարկավագներին ոչ ուղղակի ձևով, հարցրել են, թե ինչ մոտեցում ունեն իրենք այս ամենի շուրջ։ Մեր տղաները հակադարձել են իհարկե ուխտապահ եկեղեցականին վայել ձևով։ Այնուհետև, իմ իմացած տվյալներով, իրենց առանձին, առանձին են կանչել, որտեղ արդեն ուղիղ հարց են տվել դուք ի՞նչ դիրքորոշում ունեք, միանո՞ւմ եք արդյոք «բարեկարգման» ծրագրին, թե՞ ոչ»,– ասել է տեր Պսակը։

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով, ՀՀ Զինված ուժերի հոգևոր առաջնորդությունը լուծարված է։ Քահանան այս որոշումը համարել է իշխանության կողմից բանակը քաղաքական գործընթացներում ներքաշելու դրսևորում։

«Բարձրաստիճան զինվորականներ, ովքեր ունեին այլ գործառույթ, լծված էին բանակում այդ քարոզչությունը իրականացնելու գործին, մանավանդ գնդերեցների շրջանում»,– նշում է քահանան։

Վերջին շրջանում պարբերաբար տեղեկություններ են շրջանառվել այն մասին, որ Զինված ուժերի որոշ բարձրաստիճան ներկայացուցիչներ ճնշումներ են գործադրել գնդերեցների վրա՝ փորձելով նրանց ներքաշել Հայ Առաքելական եկեղեցու բարենորոգման խորհրդին միանալու գործընթացում, որի նպատակն է կաթողիկոսի պաշտոնանկությունը։

ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդությունը հիմնադրվել է 1997 թվականի նոյեմբերի 13-ին՝ Գարեգին Ա կաթողիկոսի և ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի համատեղ որոշմամբ։