Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով առաջիկա Եպիսկոպոսաց ժողովի կայացման հարցին, նշել է, որ ներկայում դժվար է հստակ կանխատեսել՝ արդյոք ժողովը տեղի կունենա, թե ոչ։
«Չեմ կարող հիմա կոնկրետ որևէ բան ասել՝ կայանալու է Եպիսկոպոսաց ժողովը, թե ոչ, համենայնդեպս, Գերագույն հոգևոր խորհրդի 6 եպիսկոպոսների երկիրը լքելու արգելք կա: Եպիսկոպոսաց ժողովը պիտի ունենա իր քվորումը և պիտի ունենա նաև եպիսկոպոսների ներկայությունը։ Հարցը միայն քվորում ապահովելու խնդիրը չէ, ի վերջո կոլեգիալ հարցեր կան։ Ամեն պարագային ամեն ինչ արվում է, հավանաբար, որպեսզի այդ Եպիսկոպոսաց ժողովը ինչ-որ ձևով խափանվի, խաթարվի կամ չկատարվի», հայտնում է Panorama.am-ը:
Լրագրողների այն հարցին, թե հնարավո՞ր է, որ երկիրը լքել չկարողացող եպիսկոպոսները ժողովին մասնակցեն հեռավար ձևաչափով, Նաթան Սրբազանն արձագանքել է, որ որևէ հստակ բան դեռ հնարավոր չէ ասել։
«Ոչինչ կոնկրետ չեմ կարող ասել, որովհետև ընդամենը երեկ է այդ ամենը եղել, որի համար պետք է քննարկել և որոշումներ առնել»,-ասել է նա:
Նա անդրադարձել է նաև այն հարցին, թե արդյոք քննարկվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած «եկեղեցու բարենորոգման» նախաձեռնությանը միացած եպիսկոպոսների կարգալուծման հարցը՝ ընդգծելով, որ նման որոշումների մասին հանրությունը կտեղեկացվի, քանի որ դրանք գաղտնի չեն մնալու։
Գերագույն հոգևոր խորհրդի 6 հոգևորական անդամների նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել և քրեական հետապնդում է հարուցվել դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով։ Քրեական հետապնդման շրջանակում արգելափակվել է ԳՀԽ եպիսկոպոս անդամների ելքը երկրից։ Մայր աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը եկեղեցու ներքին գործերին։
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրավերով Եպիսկոպոսաց ժողովը նախատեսված է անցկացնել Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում՝ փետրվարի 16-19-ին։





