Միջազգայնագետ, Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում կարծիք է հայտնել, որ ԱՄՆ կողմից Իրանին չհարվածելու հարցում «(գոնե մինչ այս պահը) դեր է խաղացել նաև այն հանգամանքը, որ նման քայլը կարող էր բացասական ազդեցություն ունենալ TRIPP-ի կյանքի կոչման կամ դրա ժամկետների վրա»:
Նա նշել է, որ ԱՄՆ փոխնախագահ Վենսի տարածաշրջանային այցին մնացել են ընդամենը մի քանի օր, և այդ այցը դիտվում է որպես Վաշինգտոնի աշխարհաքաղաքական շահերի առաջմղման առանցքային փուլերից մեկը Հարավային Կովկասում։
«Հարկ է նշել, որ այդ առավելությունը ձեռք է բերվում նաև տարածաշրջանի ամենաթույլ օղակի շահերի հաշվին, ինչը ռեալպոլիտիկայի դառը, սակայն իրական դրսևորում է։ Այդուհանդերձ, սա չեմ դիտարկում որպես միայն Թրամփի վարչակազմի հաղթանակ, քանի որ նման սցենարների մշակումներ բնորոշ են եղել ԱՄՆ-ի բոլոր վարչակազմերին՝ սկսած 1991 թվականից, և դրանք փուլ առ փուլ կյանքի են կոչվել։
Իմ գնահատմամբ՝ TRIPP-ն այս փուլում դեռևս ԱՄՆ-ին ապահովում է բիզնես ներկայություն Հարավային Կովկասում, սակայն այն ունի ներուժ՝ բիզնես ներկայությունը վերածելու ամերիկյան ռազմավարական ներկայության, մի բան, որը երբևէ գոյություն չի ունեցել»,– գրել է նա։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում հաստատել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»` TRIPP ծրագրի շրջանակում Հայաստան-ԱՄՆ համատեղ աշխատանքի վերաբերյալ փաստաթուղթը։
TRIPP-ի իրականացման վերաբերյալ հրապարակված փաստաթուղթը նկարագրում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախաձեռնության գործարկման կարգը։ Այս շրջանակը չի առաջացնում և միտված չէ առաջացնել իրավական հանձնառություններ կամ պարտավորություններ Հայաստանի կամ ԱՄՆ-ի համար։





