AM
4 Փետրվար 2026 - 10:15 AMT

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օտարերկրյա տեսալսողական ծրագրերի վերաբերյալ սահմանափակումներին

Փետրվարի 3-ին Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել և դրական եզրակացություն է տվել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից ներկայացված «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրինագծին։

Նախագծով առաջարկվում է վերանայել և հստակեցնել տեսալսողական հաղորդումների չարաշահման արգելքների շրջանակը՝ սահմանելով դրանց կիրառման առավել կոնկրետ դեպքերը։ Մասնավորապես, օրենքով կարգելվի սահմանադրական կարգը բռնի տապալելու, պատերազմ քարոզելու, բռնություն և դաժանություն քարոզող կամ նման նպատակ հետապնդող բովանդակության տարածումը, հայտնում է Արմենպրեսը:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, ներկայացնելով նախագիծը, պարզաբանել է առաջարկվող փոփոխությունների նպատակներն ու իրավական հիմքերը։

Փոփոխություններով նախատեսվել է նաև նոր մոտեցում, ըստ որի՝ արգելվում է օտարերկրյա տեսալսողական բովանդակության տարածումը, եթե այն ներքաղաքական գործընթացներին միջամտող բնույթ ունի։

Նշված օրինագծում հստակեցվել են ցանցային օպերատորների լիցենզիաների կասեցման և դադարեցման իրավական հիմքերը, կիրառման չափանիշներն ու մեխանիզմները։ Վերանայվել են նաև տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորների գործունեությանը վերաբերող պահանջները։

Տուգանքներին վերաբերող դրույթները ևս փոփոխվել են, որոնք առնչվում են օրենքի խախտումներով իրականացված գործունեությանը։ Բացի այդ, ավելացվել է առանձին հոդված, որը կարգավորում է ցանցային օպերատորի լիցենզիայի կասեցման և դադարեցման ամբողջ ընթացակարգը։

Օրինագծի ընդունումը կբերի տեսալսողական մեդիայի ոլորտում վերահսկողության ու կարգավորման գործիքների կատարելագործման, օրենքի ավելի արդյունավետ կիրառման, ինչպես նաև կկանխի իրավական մեկնաբանությունների բազմազանությունը՝ ոլորտի դերակատարների համար ապահովելով կանխատեսելի իրավական միջավայր։

Այս բարեփոխումները միտված են նվազեցնել վնասակար տեղեկատվության ազդեցությունը քաղաքացիների վրա, զսպել ապատեղեկատվության, բռնության և ատելության խոսքի տարածումը, ինչպես նաև սահմանափակել արտաքին ներգործությունը Հայաստանի տեղեկատվական ոլորտի վրա՝ համապատասխանեցնելով այդ քայլերը ազգային անվտանգության պահանջներին։

Օրինագիծը ներառվել է մոտակա լիագումար նիստերի օրակարգում։