AM
4 Փետրվար 2026 - 11:10 AMT

BBC. ՀՀ ՔԿ-ն հաստատել է Բայմուրադովայի սպանության կասկածյալների ինքնությունը

Հայաստանի քննչական կոմիտեն BBC-ի ռուսական ծառայության հարցմանն ի պատասխան հաստատել է, որ Ռուսաստանի քաղաքացիներ Կարինա Իմինովան և Սաիդ-Խամզատ Բայսարովը հանդիսանում են Չեչնիայից Հայաստան տեղափոխված 23-ամյա Այշատ Բայմուրադովայի սպանության գործով կասկածյալներ, որոնք գործել են «դեռևս չբացահայտված անձի» ուղղորդմամբ։

ՔԿ-ից ասել են, որ դեկտեմբերին հայկական կողմը դիմել է Ռուսաստանի իրավապահ մարմիններին համագործակցության նպատակով, սակայն պատասխան դեռ չի ստացել:

Դեկտեմբերի 1-ին ՀՀ-ն հարցում է ուղղել Ինտերպոլ: Քննությունը հաստատել է, որ նշված անձինք սպանության օրը լքել են Երևանում գտնվող այն բնակարանը, որտեղ հետագայում հայտնաբերվել է Բայմուրադովայի դին։

Նախնական փորձաքննությամբ պարզվել է, որ Այշատ Բայմուրադովայի մահվան պատճառ է դարձել մեխանիկական շնչահեղձությունը։ Բացի այդ, դիակի վրա հայտնաբերվել են «փոքր և մեծ արյունազեղումներ, որոնք առաջացել են բութ առարկայով հասցված հարվածներից»։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ ՀՀ Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ Չեչնիայից Հայաստան տեղափոխված Այշատ Բայմուրադովայի սպանության փաստով հարուցված քրեական վարույթի շրջանակներում ՌԴ 2 քաղաքացու նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Բայմուրադովան ժամանակին դիմել էր ՀՔԱ Վանաձորի գրասենյակ՝ օգնություն խնդրելով, քանի որ տարիներ շարունակ Չեչնիայում ենթարկվել է ընտանեկան բռնության։ Հասարակական կառույցի աջակցության միջոցով նրան հաջողվել է տեղափոխվել Հայաստան, որտեղ կազմակերպության փաստաբանները ապահովել են նրա անվտանգությունը և կացության վայրը։

2025թ․ հոկտեմբերի 17-ին նա դուրս էր եկել իր բնակարանից ու չէր վերադարձել։ Երկու օր անց՝ հոկտեմբերի 19-ին, նրա դին հայտնաբերվել է Երևանի Դեմիրճյան փողոցի մի բնակարանում։