Փետրվարի 4-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Աբու Դաբիում ստացել են «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակը, հայտնում է 1lurer.am-ը:
Փաշինյանը մրցանակաբաշխության ժամանակ իր ելույթում շնորհակալություն է հայտնել երկու ժողովրդներին «այն ընկալման համար, որ անցյալը փոփոխման ենթակա չէ, և այն մեր հնարավորություններից դուրս է, հետևաբար մենք չպետք է կենտրոնանանք այն բանի վրա, ինչը մենք չենք կարող փոխել»:
«Մենք պետք է կենտրոնանանք մեր ազգերի համար խաղաղ և բարգավաճ ապագա կերտելու վրա: Սա հեշտ ճանապարհ չէ, որովհետև կան մեծ անվստահություն, հոռետեսություն, զայրույթ և նույնիսկ ատելություն:
Հակամարտության ընթացքում շատերը մահացել են, և շատ սգացող ընտանիքներ հետևում են այստեղ տեղի ունեցողին: Նրանցից ոմանք հնարավոր է այս իրադարձությունը համարեն անտեղի, բայց տառապանքների շարունակությունը ոչ թեթևացում է, ոչ էլ հարգանքի նշան նրանց համար, ովքեր տառապել են, սպանությունների շարունակությունը ոչ թեթևացում է, ոչ էլ հարգանքի նշան նրանց համար, ովքեր սպանվել են, և նրանց հարազատների համար:
Խաղաղությունը բոլորի համար միակ մխիթարությունն է, խաղաղությունը զոհերի նկատմամբ ամենամեծ հարգանքն է»,- ասաց նա՝ միաժամանակ շնորհակալություն հայտնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որի անձնական ներգրավվածության և խաղաղության իդեալին նվիրվածությունն էին, ըստ Փաշինյանի, խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական գործոնները»,-ասել է նա:
Փաշինյանը նշել է նաև , որ գրեթե չորս տասնամյակ «խաղաղություն», «Հայաստան» և «Ադրբեջան» բառերը համատեղ հիշատակելը անիրատեսական էր համարվում, սակայն վերջին զարգացումներն ապացուցել են, որ անհավատալին հնարավոր է դարձել։
«Սակայն այս արարողությունը միայն խաղաղության համաձայնագիրը տոնելու մասին չէ, այն նաև Հայաստանի և Ադրբեջանի կողմից այն փաստի հաստատումն է, որ հակամարտության էջը փակ է, հակառակ դեպքում անիմաստ կլիներ Ադրբեջանի նախագահի կամ ինձ համար գալ այստեղ և արժանանալ այս պատվին:
Սա նաև միջազգային հանրության աջակցության դրսևորում է, որովհետև որոշումը կայացվել է Դատավորների կոմիտեի կողմից, որի կազմում ընդգրկված են աշխարհի տարբեր ծայրերից բարձր հարգանքի արժանացած անդամներ»,- ասել է նա:
Փաշինյանն ընդգծել է, որ մրցանակը վերաբերում է ոչ միայն պետական առաջնորդներին, այլև երկու ժողովուրդներին, որոնք, ըստ նրա, կիսում են խաղաղության հաստատման այս գործընթացը։
«Անհավատալի բաները տեղի են ունենում, երբ կան հավատ, նվիրվածություն, տեսլական և իմաստություն: Կարծում եմ՝ խաղաղության համաձայնագիրը կնքվեց, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը հասկացան, որ հակամարտությունը պետք է դադարեցվի հիմա, հակառակ դեպքում այն երբեք չի դադարեցվի՝ բերելով նորանոր տառապանքներ երկու երկրներին և ժողովուրդներին»,- ասաց նա»,-ասել է Փաշինյանը:
Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:
Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։





