Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վերաքննիչ քրեական գործով նիստը մեկնարկել է պաշտպանական կողմից դատավոր Էդգար Մանասյանին ներկայացված բացարկի միջնորդությամբ։ Պաշտպան Արա Զոհրաբյանը հիմնավորել է այդ քայլը դատավորի և գործով հանրային մեղադրող Վահան Հարությունյանի միջև առկա ընկերական կապով։
Դատական կազմը մերժել է միջնորդությունը։ Այսպիսով, Միքայել սրբազանի վերաքննիչ բողոքը քննվելու է Վաչե Մարգարյանի, Նարինե Հովակիմյանի և նախագահող դատավոր Էդգար Մանասյանի մասնակցությամբ, հայտնում է Sputnik Արմենիան:
Նախքան միջնորդության ներկայացումը՝ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահող դատավոր Մանասյանը հայտարարել է, որ ճանաչում է մեղադրող Հարությունյանին, միասին աշխատել են, և փոխադարձ մասնակցություն են ունեցել մի շարք անձնական միջոցառումների։
«Մենք միմյանց առիթներին մասնակցություն ենք ունեցել, սակայն դատարանը հավաստիացնում է, որ սա որևէ կերպ չի կարող ազդեցություն ունենալ դատարանի անաչառության վրա»,– ասել է Մանասյանը։
Արա Զոհրաբյանը նշել է, որ պաշտպանական կողմը վերապահում ունի նաև մյուս դատավոր Վաչե Մարգարյանի նկատմամբ, սակայն վերջինիս վերաբերյալ բացարկ չեն ներկայացրել, քանի որ եթե նախագահողի բացարկն ընդունվեր, ապա ամբողջ դատական կազմը կփոխվեր։
Նիստին մասնակցել է նաև Միքայել սրբազանը, ով դատարան է տեղափոխվել բժշկական կենտրոնից։ Նա հայտնել է, որ իր առողջական վիճակը թույլ է տալիս ներկայանալ նիստին և խոչընդոտ չունի մասնակցելու համար։
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ ըստ իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը տապալելուն կամ տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածի։ Նա կալանավորվել է 2025 թվականի հունիսի 28-ին։
2025-ի հոկտեմբերի 3-ին առաջին ատյանի դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը նրան մեղավոր է ճանաչել և դատապարտել է երկու տարվա ազատազրկման։ Այդ որոշման դեմ պաշտպանական կողմը նոյեմբերի 13-ին ներկայացրել է վերաքննիչ բողոք՝ պահանջելով վերացնել դատավճիռը և Միքայել սրբազանին ճանաչել անմեղ։
Դատական նիստը, որը նախապես նախատեսված էր դեկտեմբերի 15-ին, հետաձգվել է։ Այն կրկին հետաձգվել է նաև 2026-ի հունվարի 13-ին՝ սրբազանի առողջական վիճակի պատճառով։





