AM
5 Փետրվար 2026 - 07:23 AMT

Սահակյան․ Գերիների ազատ արձակման վերաբերյալ Ֆրանսիայի բանաձևը պետք է դիտարկվի որպես խաղաքարտ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների ներկայացուցիչ և փաստաբան Սիրանուշ Սահակյանը հայտարարել է, որ հայ գերիների ազատումը պահանջող բանաձևի ընդունումը Ֆրանսիայի խորհրդրանի ստորին պալատի կողմից կարևոր քաղաքական դիրքորոշում է և արտահայտում է Ֆրանսիայի օրենսդիր մարմնի մոտեցումը հայ գերիների խնդրի վերաբերյալ, հայտնում է Aysor.am-ը:

Նա նշել է, որ բանաձևը պետք է դիտարկվի որպես խաղաքարտ:

«Հաշվի առնելով, որ Ֆրանսիան միջազգային մեծ ազդեցություն ունեցող պետություն է թե՛ քաղաքական, թե՛ աշխարհագրական իմաստով, այսպիսի քայլերը կարող են դառնալ քաղաքական ճնշումը մեծացնելու էական գործոն։ Դրական է, որ Ֆրանսիան և մի շարք այլ երկրներ հրապարակայնորեն արտահայտում են իրենց դիրքորոշումը։ Միևնույն ժամանակ պետք է գիտակցել, որ Ադրբեջանը ինքնին կաշկանդված չէ նման հայտարարություններով և անմիջականորեն չի կատարի այդ կոչերը, եթե դրանք չհամակցվեն այնպիսի գործիքների հետ, որոնք կարող են սպառնալիք հանդիսանալ ադրբեջանական կենսական շահերի համար։ Միայն քաղաքական դիրքորոշումները էական փոփոխություններ չեն մտցնում Ադրբեջանի իշխանությունների գործելակերպում»,-ասել է նա:

Սահակյանի կարծիքով՝ անհրաժեշտ է, որպեսզի քաղաքական հայտարարություններից դուրս, Ֆրանսիան նաև իր արտաքին հարաբերություններում որդեգրի հստակ հակաադրբեջանական ուղղվածություն, քանի դեռ Բաքուն շարունակում է խախտել իր մարդասիրական պարտավորությունները և պահում է հայ գերիներին։

«Ընդհանուր առմամբ, գերիների ազատ արձակման հարցի տեսանկյունից սա կարելի է համարել կարևոր ներդրում։ Բացի այդ, թե՛ իրավապաշտպանները և թե՛ դիվանագետները կարող են արդյունավետ օգտագործել նման քաղաքական դիրքորոշումները։ Մարդու իրավունքների կառույցներում և օտարերկրյա գործընկերների հետ շփումներում մշտապես կարևոր է հենվել պաշտոնական քաղաքական կամ իրավական փաստաթղթերի վրա, որոնք գնահատական են տալիս խնդրին։ Այս որոշումը ևս պետք է դիտարկվի որպես խաղաքարտ՝ ինչպես արտաքին, այնպես էլ հանրային դիվանագիտությամբ զբաղվողների ձեռքում», նշել է Սահակյանը։

Ֆրանսիայի խորհրդրանի ստորին պալատը միաձայն կողմ է քվեարկել Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման վերաբերյալ բանաձևին:Լորան Վոկյեի հեղինակած բանաձևը ներկայացվել է Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի կողմից:

Բանաձևում շեշտվում է, որ այն, ինչ ներկայում տեղի է ունենում հայ բանտարկյալների դատավարության հետ կապված, Ադրբեջանի ցանկության մի մասն է՝ «վարել Հայաստանի գոյությունը ժխտելու համակարգված քաղաքականություն»։ Դա Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում և Ադրբեջանի կողմից վերահսկվող բոլոր տարածքներում հայ բնակչության ոչնչացման քաղաքականության շարունակությունն է, ինչպես նաև պատմական, մշակութային և կրոնական ժառանգության համակարգված ոչնչացումը, ասվում է ֆրանսիացի գործչի հեղինակած բանաձևում։