AM
5 Փետրվար 2026 - 07:30 AMT

Աբրահամյան․ Ալիև-Փաշինյան հարաբերությունների ցնծության ֆոնին Բաքվում 16 հայի նկատմամբ դատավճիռ է կայացվելու

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Աբու Դաբիում «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակի հանձնմանը, գրել է, որ այդ ֆոնին փետրվարի 5-ին Բաքվում դատավճիռ են կայացնելու հայ գերիների նկատմամբ:

«Ալիև-Փաշինյան եղբայրական հարաբերությունների հաստատման և ցնծության ֆոնին, այսօր Բաքվում 16 հայերի նկատմամբ դատավճիռ է կայացվելու»,-գրել է նա:

Նա հիշեցրել է, որ պատանդի կարգավիճակում ապօրինի պահվող հայերի նկատմամբ կեղծ դատավարության հիմքում ՀՀ-ի դեմ ռազմական հանցագործի և ցեղասպանություն իրագործածի ծանր մեղադրանքն է:

«Սա նշանակում է, որ մարդկային ճակատագրերից բացի, գործ է «կարվել» Հայաստանի Հանրապետության դեմ, ինչը ցանկացած քաղաքական ելքի պարագայում էլ պահվելու է համապատասխան դարակներում և ըստ իրավիճակի ու անհրաժեշտության օգտագործվելու Հայաստանի դեմ»,- նշել է Աբրահամյանը։

Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ փետրվարի 5-ին Բաքվում շարունակվելու է հայ գերիների դատավարությունը: