Կալանքի տակ գտնվող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը բանտից նամակ է հղել Christian Solidarity International-ի պատվիրակությանը, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին, ինչպես նաև Վաշինգտոնում անցկացվող Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովի մասնակիցներին, հայտնում է Panorama.am-ը:
«Հարգելի՛ դեսպան Բրաունբեք, Միջազգային կրոնական ազատության վեհաժողովի հարգելի՛ մասնակիցներ, Ձեզ ողջունում եմ Երևան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկից՝ մեր Խաչված և Հարություն առած Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի անունով։ Ցավով եմ նշում, որ չեմ կարող ձեզ հետ լինել, երբ դուք պայքարում եք կրոնի և հավատքի ազատության համար։ Սակայն երախտապարտ եմ Christian Solidarity International կազմակերպության մեր ընկերներին և Շվեյցարիայի խորհրդարանի պատգամավոր Էրիխ Վոնտոբելին՝ ձեզ հետ հաղորդակցվելու այս հնարավորության համար։
Նամակում Գալստանյանն ընդգծել է, որ ինքը և ևս երեք եպիսկոպոս՝ Միքայել արք. Աջապահյանը, Մկրտիչ եպս. Պռոշյանը և Արշակ արք. Խաչատրյանը, «լրտեսվել, ձերբակալվել ու հարցաքննվել ենք, զրպարտվել ենք պետական հովանավորությամբ իրականացվող մեդիաարշավների ընթացքում և կալանավորվել կեղծ մեղադրանքներով»։
«Հայ Առաքելական եկեղեցուն հավատարիմ այլ հոգևորականներ ևս ենթարկվել են սպառնալիքների ու բռնությունների, սակայն դեռևս չեն կալանավորվել։ Նրանց թվում է նաև մեր Եկեղեցու գլուխը՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Վարչապետ Փաշինյանը հրապարակայնորեն նրան անվանել է «ազգային անվտանգության սպառնալիք»։ Նրա դեմ պետական հովանավորությամբ իրականացվում է հակասահմանադրական արշավ՝ նրան պաշտոնավարումից հեռացնելու և քաղաքականորեն ենթարկվող հոգևորականով փոխարինելու նպատակով։
Այսօր ես ազատազրկված եմ մի պարզ պատճառով. իմ «հանցանքն» այն է, որ ես իշխանությանը հայտնում եմ անցանկալի ճշմարտությունը` Մարտին Լյութեր Քինգ Կրտսերի ոչ բռնի ոգուն համահունչ։ Այդ պարզ ճշմարտությունն այն է, որ քրիստոնյա հայ ազգը կանգնած է գոյաբանական սպառնալիքի առջև»,-ասվում է նամակում։
Նամակում Գալստանյանը մանրամասնել է, թե ինչպես է Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, փորձում զրկել Հայաստանին ինքնիշխանությունից՝ թիրախավորելով նաև Հայ Առաքելական եկեղեցին։
«Հայաստանի Հանրապետությունը ստեղծվել է որպես անվտանգ հայրենիք Հայոց ցեղասպանության զոհերի և նրանց ժառանգների համար։ Սակայն Ադրբեջանի բռնապետը, որը Հայաստանը կոչում է «Արևմտյան Ադրբեջան», ձգտում է Հայաստանը վերածել վասալ պետության, որը ի վիճակի չէ պաշտպանել հայ ազգին և նրա շահերը։ Այս ջանքերում Ադրբեջանին աջակցում է Թուրքիան, որը կառուցում է ազդեցության գոտի՝ Իսրայելի սահմաններից մինչև Կասպից ծով։ Այս ծրագրի կարևոր բաղադրիչներից մեկն է` Հայ Առաքելական եկեղեցուն զրկել հասարակության մեջ անկախ խոսելու կարողությունից։ Ինչո՞ւ։
Հայ Առաքելական եկեղեցին քրիստոնյա հայ ազգի կենտրոնական հենասյունն է։ Իր պատմության գրեթե ամբողջ ընթացքում այն եղել է ազգը միավորող միակ հաստատությունը։ Այն վերապրել է իրար հաջորդող բռնի հալածանքներ Օսմանյան Կայսրության, Խորհրդային իշխանությունների և Ադրբեջանի կողմից։
Այսօր Հայաստանի ազգային եկեղեցին կրկին հարձակման տակ է։ Ադրբեջանը պնդում է, թե Հայ Առաքելական եկեղեցին «խաղաղության խոչընդոտ» է և պահանջում է, որ որպես խաղաղության պայման հայկական պետությունը զրկի եկեղեցուն ազգի կյանքում իր պատմական դերը կատարելու կարողությունից»,-ասվում է նամակում:
Բագրատ սրբազանը կոչ է արել Վեհաժողովի մասնակիցներին աղոթել իր և մնացած ազատազրկված հոգևորականների համար, ինչպես նաև փոխանցել երեք խնդրանք ԱՄՆ փոխնախագահ Վենսին՝ առաջիկա այցի նախաշեմին։
«Հորդորում եմ Վեհաժողովին, փոխնախագահ Վենսին ներկայացնել երեք խնդրանք, երբ նա պատրաստվում է այցելել Հայաստան և Ադրբեջան․
- Հստակ փոխանցել Ադրբեջանի նախագահին և Հայաստանի վարչապետին, որ Միացյալ Նահանգները չի հանդուրժի Հայ Առաքելական եկեղեցու շարունակական հալածանքները,
- Կոչ անել երկու առաջնորդներին` ազատ արձակել իրենց քաղաքական բանտարկյալներին, հատկապես Բաքվում որպես պատանդ պահվող 20 հայերին և Հայաստանում ազատազրկված չորս հոգևորականներին ու եկեղեցու աջակիցներին,
- Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում որպես երկխոսության կողմ ներառել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին»,-ասվում է նամակում:





