AM
5 Փետրվար 2026 - 08:38 AMT

ՀՀ և ԱՄԷ ԱԳ նախարարները քննարկել են համագործակցության զարգացման հարցեր

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ հանդիպմանը քննարկել է համագործակցության զարգացման հարցեր:

Երկուստեք ընդգծվել է, որ քաղաքական ակտիվ երկխոսությանը զուգընթաց առկա է համագործակցության ընդլայնման պատրաստակամություն՝ տարբեր ոլորտներում։ Այս շրջանակում նախարարները քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունների, գործարար կապերի և ներդրումային ծրագրերի խթանման հնարավորություններ։

Անդրադարձ է կատարվել նաև այն հանգամանքին, որ վերջին տարիներին ուղիղ չվերթների թվի աճն ու զբոսաշրջության ընդլայնվող ծավալները կարող են նպաստել համագործակցության արդյունավետ իրագործմանը։

Արարատ Միրզոյանը և Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգային խնդիրների շուրջ։ Նախարար Միրզոյանը կարևորել է Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման փաստը և նշել դրա կայուն ամրապնդմանը միտված քայլերի անհրաժեշտությունը։

Միրզոյանը բարձր է գնահատել «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի նախաձեռնությունը՝ դիտարկելով այն որպես խաղաղության հաստատման խորհրդանիշ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային փոխկապակցվածության խորացման, ենթակառուցվածքային ցանցերի զարգացման հեռանկարները, ինչպես նաև հումանիտար բնույթի հարցեր։

Փետրվարի 4-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահը Աբու Դաբիում ստացել են «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակը: Փաշինյանն ընդգծել է, որ մրցանակը վերաբերում է ոչ միայն պետական առաջնորդներին, այլև երկու ժողովուրդներին, որոնք, ըստ նրա, կիսում են խաղաղության հաստատման այս գործընթացը։