ԱՄՆ Պետքարտուղարության «Գլոբալ ենթակառուցվածքների ու ներդրումների շուրջ գործակցության հիմնադրամի» պատվիրակմամբ Հայաստան է այցելել ամերիկյան AECOM ճարտարագիտա-խորհրդատվական ընկերության թիմը՝ սկսելու TRIPP-ի տեղանքի հետազոտման աշխատանքները, հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը:
«Այս աշխատանքները կներառեն տեխնիկատնտեսական գնահատում և առաջարկների մշակում երկաթուղու և այլ ենթակառուցվածքների ձևավորման վերաբերյալ, որոնք կօգնեն խթանել երկարաժամկետ տնտեսական աճ Հայաստանում, փոխկապակցվածություն և տարածաշրջանային ինտեգրում»,-ասվում է հաղորդագրության մեջ:
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում հաստատել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»` TRIPP ծրագրի շրջանակում Հայաստան-ԱՄՆ համատեղ աշխատանքի վերաբերյալ փաստաթուղթը։
TRIPP-ի իրականացման վերաբերյալ հրապարակված փաստաթուղթը նկարագրում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախաձեռնության գործարկման կարգը։ Այս շրջանակը չի առաջացնում և միտված չէ առաջացնել իրավական հանձնառություններ կամ պարտավորություններ Հայաստանի կամ ԱՄՆ-ի համար։





