AM
5 Փետրվար 2026 - 14:29 AMT

Սարգսյան․ Վստահ եմ, որ բացի Ռուբեն Վարդանյանից մյուս բոլորին ազատ կարձակեն

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով ադրբեջանական դատարանի կայացրած դատավճռիներին Բաքվում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ, նշել է, որ նման որոշում սպասելի էր և ոչ ոք հույս չի փայփայել արդարացման վերաբերյալ։

Միևնույն ժամանակ, նա վստահություն է հայտնել, որ հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանից բացի մյուս բոլորին ազատ կարձակեն:

«Անկախ վճռի խստությունից՝ ես վստահ եմ և համոզված, որ, բացի Ռուբեն Վարդանյանից, ում հարցը այլ հարթության մեջ է և առավելապես առնչվում է ՌԴ-ին, մյուս բոլորին ազատ կարձակեն և կարտահանձնեն ՀՀ-ին՝ որպես բարի կամքի դրսևորում, խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո, և տա Աստված, որ այդպես լինի»,- գրել է նա:

Նա նաև նշել է, որ ՀՀ-ն Իսրայել չէ, որ իր գերիների համար անգամ մտավ Պաղեստին, բայց կարող է, ունակ է և պարտավոր է ուժեղանալ:

«Ո՞րը պետք է լինի մեր անելիքը։ Պետք է ուժեղանալ` բառիս բուն և ամենալայն իմաստով։ Գլուխներս կախ՝ ստեղծված իրավիճակից և մեզ մեկնած ձեռքից օգտվելով, մեր տնտեսությունը հզորացնենք, իսկ հավելյալ արդյունքը, մեծն Թումանյանի խոսքով, «քոռ ու փուչ» չանենք, այլ էլի և նորից ներդնենք անվտանգության ու տնտեսության մեջ։ Իսրայելը իր գերիների համար անգամ մտավ Պաղեստին։ Իսրայելը կարող է իրեն նման պահվածք թույլ տալ, քանի որ շուրջ 220 միլիարդի բյուջե ունի։ ՀՀ-ն Իսրայել չէ, բայց կարող է, ունակ է և պարտավոր է ուժեղանալ, առավել ևս՝ հնարավորության դուռ կա, և՝ բաց դուռ»,-գրել է նա:

ԼՂՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման: Ցմահ ազատազրկման են դատապարտվել նաև ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և նախկին հրամանատարի առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանն ու ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը:

Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման:

Մադաթ Բաբայանը և Մելիքսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման: