AM
6 Փետրվար 2026 - 06:24 AMT

Սիմոնյանն ու Մատվիենկոն անդրադարձել են հայ վարորդների խնդիրներին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Մոսկվայում տեղի ունեցած հանդիպմանն անդրադարձել են միջխորհրդարանական հարաբերություններին, միգրացիոն հարցերին և տարածաշրջանային զարգացումներին, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։

Առանձին անդրադարձ է կատարվել օտարերկրյա քաղաքացիների վերաբերյալ ՌԴ օրենսդրության մեջ կատարված միգրացիոն կանոնների փոփոխություններին, մասնավորապես` դրանց հետևանքով դեպի Ռուսաստան բեռնափոխադրում իրականացնող հայ վարորդների համար առաջացած խնդիրներին և դրանք կարգավորելու ուղղությամբ իրականացվող քայլերին:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ ինչպես քաղաքական ու տնտեսական, այնպես էլ կրթական և մշակութային շեշտը դնելով, մասնավորապես, միջխորհրդարանական համագործակցության զարգացման վրա: Կողմերն ընդգծել են միջխորհրդարանական կապերի երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից ունեցած կարևոր դերը:

Կողմերը քննարկել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործընթացին վերաբերող, ինչպես նաև տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանը և Վալենտինա Մատվիենկոն պատասխանել են լրագրողների հարցերին:

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Հայաստանը շահագրգռված է Ռուսաստանի հետ հարաբերությունների պահպանմամբ ու զարգացմամբ:

Նա ասել է, որ հայ հանրությունը երբեմն շատ սուր է արձագանքում Մոսկվայից հնչող որոշ հայտարարություններին, քանի որ ՌԴ-ն կարևոր է ՀՀ համար: Նա ասել է, որ նման հայտարարությունները մտահոգում են հայ հանրությանը և որ այդ հարցը քննարկել է նաև ՌԴ դեսպանի հետ: