AM
6 Փետրվար 2026 - 07:14 AMT

Գալյանը Օ՛Ֆլահերթիի հետ քննարկել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի բարեփոխումները ՀՀ-ում

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՛Ֆլահերթիի հետ հանդիպմանը քննարկել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի բարեփոխումները ՀՀ-ում

Կողմերն անդրադարձել են խտրականության կանխարգելման ուղղությամբ կատարվող քայլերին, ներառյալ «Խտրականության կանխարգելման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի նախագծի և հարակից օրենսդրական փաթեթի մշակման գործընթացը, ինչպես նաև այդ թեմայով իրազեկման մեծածավալ միջոցառումները։

Քննարկման շրջանակում անդրադարձ է կատարվել նաև ատելության խոսքի դեմ գործի դրված գործող և նոր մեխանիզմներին, գենդերային հավասարության առաջմղմանն ուղղված ծրագրերին, ազգային փոքրամասնությունների իրավունքներին և բռնի տեղահանված անձանց խնդիրներին։

Նախարարն ընդգծել է, որ խիստ կարևոր է հավասար հնարավորությունների ապահովումն ու քաղաքացիների՝ հանրային կյանքին լիարժեք մասնակցության խթանումը։

Հանդիպման ավարտին Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՛Ֆլահերթին բարձր գնահատել է արդարադատության նախարարության իրականացրած և ընթացքի մեջ գտնվող ծրագրերը։ Երկուստեք կարևորվել է բարեփոխումների շարունակականության ապահովումը և համագործակցության խորացումը։

Փետրվարի 5-ին մի խումբ քաղաքացիներ, հոգևորականներ և ԱԺ պատգամավորներ ակցիա են իրականացրել Ազգային ժողովի դիմաց ի պաշտպանություն «քաղբանտարկյալների և Բաքվի բանտերում պահվող հայ գերիների»՝ իրենց խոսքը ուղղելով Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթին, որն այս պահին Հայաստանում է։ Բողոքի ակցիայի ընթացքում պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտարարել է, որ «ՀՀ-ում այլևս ազատ խոսքը քրեականացված է»: