AM
6 Փետրվար 2026 - 08:40 AMT

Կարգալույծ հոգևորականները հայց են ներկայացրել ՀԱԵ դեմ

Կարգալույծ հռչակված նախկին հոգևորականներ տեր Արամն ու տեր Թադեն դատական հայց են ներկայացրել Հայաստանյայց Առաքելական եկեղեցու դեմ։

Դատալեքս համակարգում հրապարակված տվյալներով՝ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել երկու առանձին հայց, որոնցում հայցվորները վիճարկում են Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից 2025 թվականին ստորագրված հայրապետական տնօրինությունները՝ իրենց հոգևոր կարգերը դադարեցնելու վերաբերյալ, հայտնում է Aysor.am-ը:

Թալինի տարածաշրջանի նախկին հոգևոր հովիվ Տ. Թադե քահանա Թախմազյանը (Արամայիս Թախմազյան) հայցով պահանջել է անվավեր ճանաչել 2025 թվականի դեկտեմբերի 2-ի տնօրինությունը, որով ինքը հռչակվել է կարգալույծ։

Բացի այդ, նա պահանջել է վերականգնել իրեն Թալինի տարածաշրջանի հոգևոր հովվի պաշտոնում։ Այս գործը մակագրվել է դատավոր Հովհաննես Պարգևի Մելքոնյանին, իսկ պատասխանող կողմն է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպությունը։

Նմանատիպ պահանջ է ներկայացրել նաև Սուրբ Հովհաննավանքի նախկին հոգևոր հովիվ տեր Արամը՝ Ստեփան Ասատրյանը։ Նա վիճարկում է Գարեգին Բ-ի՝ իրեն կարգալույծ հռչակելու մասին 2025 թվականի հոկտեմբերի 21-ի թիվ 1042 հայրապետական տնօրինության իրավաչափությունը։

Այս հայցով ևս պահանջվում է վերականգնել նրան նախկին՝ Սուրբ Հովհաննավանքի հոգևոր հովվի պաշտոնում։ Գործն արդեն մակագրվել է դատավոր Սիմա Լևոնի Աբովյանին, պատասխանող կողմը նույն կրոնական կազմակերպությունն է՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հրաժարականը պահանջող եպիսկոպոսներ և արքեպիսկոպոսներ հանդես են եկել հայտարարությամբ՝ կոչ անելով միանալ ՀԱԵ բարեփոխմանը: Փաշինյանն ընթերցել է հայտարարությունը ֆեյսբուքյան եթերում, որից հետո հայտարարությանը միացած եպիսկոպոսներն ու արքեպիսկոպոսները ստորագրել են այն:

Փաշինյանը հայտնել է, որ ձևավորվում է համակարգող խորհուրդ, որի վրա դրված են Հայ Առաքելական եկեղեցու բարենորոգման կազմակերպման պարտականությունները։ Այդ խորհուրդը կարող է համալրվել միայն միաձայն որոշմամբ։