AM
6 Փետրվար 2026 - 08:58 AMT

Սիմոնյանը Ռոբերտ Քոչարյանի դեմ ներկայացված հայցով նրանից 1 մլն դրամ է պահանջում

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 5-ին հայցադիմում է ներկայացրել դատարան՝ ընդդեմ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի։ Նա պահանջում է պաշտոնաթող նախագահից հրապարակային ներողություն խնդրել իրեն վիրավորելու համար և 1 մլն դրամ փոխհատուցում վճարել։

«29.01.2026թ.-ին իմ կողմից հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ կատարել եմ վիրավորական արտահայտություններ Ալեն Սիմոնյանի վերաբերյալ, ինչի համար ներողություն եմ խնդրում պարոն Սիմոնյանից». սա է պահանջի բովանդակությունը, հայտնում է «Հետքը»:

Պատճառը Ռոբերտ Քոչարյանի հունվարի 29-ի մամուլի ասուլիսի ընթացքում հնչեցրած հայտարարություններն են։ Այդ օրը, լրագրողներից մեկը վկայակոչել է Ալեն Սիմոնյանի գնահատականները բանակում երբեմնի վատ վիճակի վերաբերյալ՝ նշելով մատակարարման խախտումները և զինվորների նվաստացումը սպաների կողմից։

Ի պատասխան, Քոչարյանը տարակուսանքով արձագանքել է, որ լրագրողը լրջորեն է վերաբերվում Սիմոնյանի խոսքերին, և հավելել է, թե վերջինս «ինչ ասես դուրս է տալիս»։

«Եթե պիտի բանակի մարտունակությունը գնահատի Ալեն Սիմոնյանը, էդ ու՜ր ենք հասել: Ի՞նչ է հասկանում այդ մարդը բանակից: Կասկածում եմ՝ նույնիսկ նորմալ ծառայել է: Որովհետև այդպիսի լպրծուն մարդիկ չեն կարող նորմալ ծառայել»,-ասել է Քոչարյանը։

Սիմոնյանն այս գնահատականները համարել է վիրավորական և հայցով պահանջում է, որ Ռոբերտ Քոչարյանը ներողության հայտարարությունը հրապարակորեն տարածի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում՝ ապահովելով այն բոլոր օգտատերերի տեսանելիության համար առնվազն հինգ աշխատանքային օր ժամկետով։ Եթե դա տեխնիկապես անհնար լինի, ապա պահանջվում է հրապարակում առնվազն հինգ հազար տպաքանակ ունեցող տպագիր մամուլում։

Բացի այդ, Ալեն Սիմոնյանը պահանջում է փոխհատուցում՝ 1 միլիոն դրամի չափով՝ որպես վիրավորանքի համար գումարային հատուցում, ինչպես նաև դատական ծախսերի վերականգնում՝ ընդհանուր 530,000 դրամ, որից 480,000 դրամը փաստաբանի վարձատրությունն է, իսկ 50,000 դրամը՝ պետական տուրքը։