Ադրբեջանի քաղաքական էմիգրանտների համակարգող կենտրոնը՝ ASİMKOM-ը, հրապարակել է ուղերձ՝ հղված ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին՝ նրա Բաքու կատարելիք այցի առիթով՝ կոչ անելով նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ընթացքում բարձրացնել քաղբանտարկյալների խնդիրը։
ASİMKOM-ի ուղերձում շեշտվել է, թե որքան հրատապ է Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի, հատկապես՝ քաղբանտարկյալների հարցի քննարկումը, հայտնում է Factor.am-ը:
«Հարյուրավոր մարդիկ, այդ թվում՝ լրագրողներ, ընդդիմադիր ակտիվիստներ և առաջնորդներ, մարդու իրավունքների պաշտպաններ և քաղաքացիական հասարակության այլ ներկայացուցիչներ, ներկայումս Ադրբեջանում քաղաքական դրդապատճառներով բանտարկված են։ Առնվազն 340 մարդ ճանաչվել է որպես քաղբանտարկյալ։
Այս իրավիճակն Ադրբեջանի միջազգային պարտավորությունների և համընդհանուր ճանաչված հիմնարար իրավունքների ու ազատությունների ակնհայտ խախտում է։ Միացյալ Նահանգների սկզբունքային մոտեցումը քաղբանտարկյալների հարցի նկատմամբ այնպիսի երկրների հետ հարաբերություններում, ինչպիսիք են Բելառուսը և Վենեսուելան, ստեղծել է կարևոր և խրախուսական նախադեպեր: Մենք հույս ունենք, որ նմանատիպ հստակ և վճռական դիրքորոշումը կարող է զգալի և դրական ազդեցություն ունենալ Ադրբեջանի ղեկավարության հետ երկխոսության վրա, մասնավորապես՝ կոչ անելով քաղբանտարկյալներին անվերապահորեն ազատ արձակել»,- ասվում է դիմումում։
Սպասվում է, որ Վենսը տարածաշրջանային այցի շրջանակում փետրվարի 9-ին կայցելի Հայաստան, ապա կմեկնի Ադրբեջան։





