Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցն առանցքային նշանակության քայլ է խաղաղության ինստիտուցիոնալացման և ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության ընդլայնման ճանապարհին:
Նա տեղեկացրել է, որ «ստացել և սիրով ընդունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերը սեպտեմբերի 19-ին մասնակցելու Խաղաղության խորհրդի առաջին նիստին», հայտնում է Aysor.am-ը:
Ավելի ուշ հաղորդագրության մեջ արդեն ուղղվել էր ամսաթիվը, քանի որ համաժողովը կայանալու է փետրվարի 19-ին:
«Պարոն Վենսին ներկայացրել եմ Հարավային Կովկասում ընթացող դրական գործընթացները, ինչպես նաև օրեր առաջ Աբու Դաբիում իմ և Ադրբեջանի նախագահի միջև տեղի ունեցած քննարկումների մանրամասները, որոնք ուղղված էին մեր երկրների միջև խաղաղության ամրապնդման հնարավոր նոր քայլերին։
Այս առիթով, վերահաստատել եմ նաև Հայաստանի հանձնառությունն՝ աջակցելու ԱՄՆ կառավարության խաղաղության և խաղաղարար առաքելությանը, այդ թվում՝ «Խաղաղության խորհրդի» գործունեությանը, որի կանոնադրությունը պատիվ եմ ունեցել ստորագրել ս.թ. հունվարի 22-ին՝ Դավոսում կայացած հանդիսավոր արարողության շրջանակներում։
Ուզում եմ նաև նշել, որ ստացել և սիրով ընդունել եմ նախագահ Թրամփի հրավերը՝ փետրվարի 19-ին մասնակցելու Խաղաղության խորհրդի առաջին նիստին»,-ասել է նա:
Վենսը ՀՀ է ժամանել փետրվարի 9-ին կնոջ և երեխաների հետ: Երևանից նա կմեկնի Բաքու:





