AM
10 Փետրվար 2026 - 07:33 AMT

Վենսը տիկնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ․ «Մենք պատվում ենք հայ ժողովրդի տոկունությունն ու անսասան ոգին»

Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Ջեյ Դի Վենսը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:, հայտնում է Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանը:

ԱՄՆ փոխնախագահ Վենսը գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարանի Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

«Կորցրած կյանքերի հանդեպ խորին հարգանքի հիշատակով մենք պատվում ենք հայ ժողովրդի տոկունությունն ու անսասան ոգին։ Թող Ամերիկան և Հայաստանը միասին ձգտեն խաղաղության և փոխըմբռնման ապագայի»,-գրել է նա:

ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը Ջեյ Դի Վենսին է փոխանցել Հայոց ցեղասպանության և Արցախի հիմնախնդրի մասին գրքեր: