ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Մոնիկա Սանդրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հետ հանդիպմանն ասել է, որ Հայաստանը բարձր արդյունավետությամբ է իրականացրել տեղահանված անձանց ընդունման և ինտեգրման գործառույթները:
Նախարարն իր հերթին բարձր է գնահատել ՄԱԿ ՓՀԳ-ի առաքելությունը և իրականացրած աշխատանքը Հայաստանում՝ հատկապես ԼՂ-ից բռնի տեղահանության օրերին։ Խուդաթյանը շնորհակալություն է հայտնել ինչպես այդ օրերին, այնպես էլ հիմա տեղահանվածների հարցում ցուցաբերվող լայն աջակցության համար։
Հանդիպման ժամանակ քննարկվել են փախստականներին վերաբերող երկարաժամկետ ծրագրերի ընթացքը։
Սանդրին հավաստիացրել է, որ իրենց ուշադրության կենտրոնում են լինելու նրանց ինտեգրման և զբաղվածության ապահովման հարցերը։
Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Հարձակման հետևանքով զոհվել է 223 մարդ, այդ թվում՝ 20 քաղաքացիական անձ, որոնցից 6-ը եղել են անչափահաս։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ էր մնացել, որոնցից 11-ը ևս վերադարձել են ՀՀ, 1-ը՝ մահացել է, 1-ը՝ կալանավորվել։





